«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների չեղարկման դիմաց
Աջակցիր «Ա1+»-ին«Ռոսսելխոզնադզոր»-ը «Իզվեստիա»-ին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է չեղարկել Հայաստանից ներմուծման արգելքը՝ սանիտարական ստուգումների մասին հաշվետվությունից և ԵԱՏՄ պահանջների պահպանման ծրագրից հետո։
Ըստ պարբերականի՝ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կտրամադրի սանիտարական խախտումների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների մասին տեղեկատվություն և ԵԱՏՄ անասնաբուժական ու բուսասանիտարական չափորոշիչների պահպանման հստակ ալգորիթմը։ Դրանից հետո միայն Մոսկվան պատրաստ կլինի վերանայել հայկական գյուղմթերքի ներմուծման ժամանակավոր սահմանափակումները։ Սակայն գործակալությունը չի նշել հաշվետվությունը ներկայացնելու կոնկրետ ժամկետներ։
«Ռոսսելխոզնադզոր»-ը պարզաբանում է, որ ներմուծման սահմանափակման պատճառ են դարձել համակարգված խախտումները. հայ վերամշակողներն օգտագործել են ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երրորդ երկրներից ստացված հումքը, անասնաբուժական վերահսկողության չենթարկված խոշոր եղջերավոր կենդանիների կաթ, իսկ սպիրտի բաղադրությունն այլևս չի համապատասխանում ГОСТ չափորոշիչներին: