Պրոբլեմն այն է, որ դուք 7 տարի նույն դասարանում եք մնացել. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ բանավեճ ծավալվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Քննարկման թեմաներից մեկը դարձավ Տիգրանաշենի կարգավիճակը, ինչպես նաև Հայաստանի բնակավայրերի անվանումների վերաբերյալ Փաշինյանի մոտեցումը։
Գեղամ Մանուկյանը Փաշինյանին հարց ուղղելուց առաջ դիմեց կառավարության մի քանի անդամների՝ հայտարարելով, որ նրանց ստացած կրթության և վարչապետի ներկայացրած պատմական մոտեցումների միջև հակասություն է տեսնում։
«Առաջարկում եմ՝ վաղը-մյուս օրը բոլորս մեր դիպլոմները՝ իմ ու Տրդատ Սարգսյանի՝ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության և պատմության բաժնի, բերենք այստեղ, վառենք։ Վառենք, որովհետև այն, ինչ մեզ ուսուցանել է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, պարզվում է՝ կեղծ է», - հայտարարեց Մանուկյանը։
Նա քննադատեց Փաշինյանին՝ պնդելով, որ վարչապետը խորհրդարանի ամբիոնից ներկայացնում է թուրք պատմաբանների թեզերը։
Մանուկյանն այնուհետև անցավ Տիգրանաշենի հարցին՝ հիշեցնելով, որ նախկինում Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի տարածքում անկլավների խնդիր չկա, և հարցի վերաբերյալ փաստաթղթեր են ուսումնասիրվում։
«Կոնկրետ կասե՞ք՝ այդ ի՞նչ փաստաթուղթ Ձեզ տվեցին, թե Մհեր Գրիգորյանին տվեցին, որ Դուք այլևս անթաքույց, հրապարակային խոսում եք Տիգրանաշենը հանձնելու, չհաշված մյուս անկլավների անուններ եք տալիս հանձնելու մասին», - հարցրեց պատգամավորը։
Փաշինյանը պատասխանեց, որ իր համար խնդիրը ոչ թե Նախիջևանի կամ այլ տարածքների անվանումներն են, այլ Հայաստանի և հարևան երկրների միջև «նոր միջպետական էթիկա» ձևավորելը։
«Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է։ Որ մենք Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն», - ասաց վարչապետը։
Նա օրինակ բերեց նաև Տավուշի մարզի բնակավայրերի նախկին անվանումները։
«Ես Իջևանից եմ։ Իմ պրոբլեմն այն է, որ մինչև հիմա Իջևանում խոսելիս Այգեհովիտ գյուղին ասում են Ուզունթալա։ Իմ պրոբլեմը դրա հետ է», - հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պետությունը և պետական էթիկան տարբեր բաներ են, և խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի համար այնպիսի անվանումների օգտագործումն է, որոնք, նրա գնահատմամբ, կարող են լեգիտիմացնել այլ պետության նկատմամբ տարածքային պատկանելիության ընկալումը։
Փաշինյանը նաև անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը՝ նշելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը և խորհրդային տարիների քարտեզները։
Նրա խոսքով՝ այդ քարտեզներով որոշվում է Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքը, և անկլավների հարցը պետք է լուծվի համապատասխան մեթոդաբանությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունից հրաժարվելու։
Մանուկյանը, սակայն, չհամաձայնեց վարչապետի մեկնաբանությունների հետ և հակադարձեց՝ տեղափոխելով քննարկումը դեպի Փաշինյանի կրթության ու դիպլոմի շրջանակ։
«Պրոբլեմը գիտե՞ք որտեղ է։ Որ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանի դիպլոմը ստացել է վարչապետ դառնալուց հետո ու յոթ տարի նույն դասարանում է մնացել։ Պրոբլեմն այդտեղ է», - ասաց պատգամավորը։
Մանուկյանը նաև անդրադարձավ Փաշինյանի կողմից «Նախճևան» բառի օգտագործմանը՝ հեգնանքով նշելով, որ եթե այդ բառը չպետք է օգտագործվի, քանի որ կարող է որևէ մեկին նեղացնել, ապա նույն տրամաբանությամբ պետք է վերանայել նաև «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը։
«Հիմա որ ասում եք՝ Նախճևան եմ ասում, Ալիևը չնեղանա, այդ դեպքում ցեղասպանություն մի ասեք, թուրքերը նեղանում են, ասեք՝ ջարդեր», - հայտարարեց նա։
Վարչապետը, սակայն, կատակով հակադարձեց դիպլոմի վերաբերյալ պնդմանը։
«Ես Ձեզ համար լուր ունեմ։ Ես Երևանի պետական համալսարանի դիպլոմ չունեմ։ Ես ունեմ Երևանի պետական համալսարանի ստուգման գրքույկ, որտեղ բացի գերազանցից ուրիշ գնահատական չկա», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ Մանուկյանը ևս չի պատասխանել իր համար ամենակարևոր հարցին։
«Եթե ես չպատասխանեցի հարցին, Դուք էլ չպատասխանեցիք ամենակարևոր հարցին․ ինչո՞ւ ենք մենք մինչև հիմա ասում Դավալու, ինչո՞ւ ենք ասում Դավալու», - եզրափակեց վարչապետը։