Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Քաղաքականություն

Ոստիկանության պետի նախկին տեղակալի խափանման միջոցը փոխվեց

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ կրկին բացակայելու արգելքն է կիրառվել որպես խափանման միջոց։ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը վերացրել է որպես խափանման միջոց կիրառված եւ կադաստրում գրավադրված 82 մլն դրամ արժողությամբ գույքի արգելանքը։ 

  Հիմքը եղել է Առողջապահության նախարարությունից ստացված եւ հանրային մեղադրողի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերը, համաձայն որի՝ Սաշա Աֆյանի հիվանդությունների եւ վիճակի ախտորոշման, հետազոտման և բուժման համար ՀՀ-ում առկա են համապատասխան բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ: 

Դատարանը որոշման կայացման համար էլ ավելի էական նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ Սաշա Աֆյանը հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի, ինչի վերաբերյալ վերջինս չի հայտնել վարույթ իրականացնող մարմնին՝ ո՛չ նախաքննության, ո՛չ էլ դատաքննության փուլերում, այդ թվում նաև նախնական դատալսումների՝ իր անձնական տվյալների վերաբերյալ հարցերի ներկայացման շրջանակներում։ «Դատարանի գնահատմամբ՝ Ռուսաստանի Դաշնության հետ սոցիալական ամուր կապը չներկայացնելը, այլ վերաբերելի տվյալների համակցությամբ, վկայում է Սաշա Աֆյանի կողմից ՀՀ տարածքը լքելու միջոցով վարույթից թաքնվելու ռիսկի առկայության մասին։ Մասնավորապես, մեղադրյալի կողմից իր՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու փաստը վարույթն իրականացնող մարմնից թաքցնելը/չհայտնելը վկայում է այն մասին, որ վերջինս վարույթի շրջանակներում չի ներկայացրել իր անձնական տվյալների վերաբերյալ էական նշանակություն ունեցող տեղեկատվությունը, ինչը դատարանը գնահատմամբ կարող է լինել փախուստի ռիսկի առանձին և էական դրսևորում»,- նշված է դատարանի որոշման մեջ։ 

Միաժամանակ, դատարանը փախուստի ռիսկի գնահատման համատեքստում էական է համարում նաեւ այն հանգամանքը, որ Սաշա Աֆյանը բուժում ստանալու նպատակով նախատեսել էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ այն պետություն, որի քաղաքացին հանդիսանում է։ Այս հանգամանքը ևս խոսում է մեղադրյալի՝ փախուստի դիմելու հնարավոր հավանականության մասին։

Հիշեցնենք, որ Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետեւանքով հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։