Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային նոր փաթեթը դեռ քննարկվում է

Տնտեսություն
dd2d85ae2de386993022a52cd828c870

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովն այսօր կազմակերպել էր քննարկում 2012 թ պետբյուջեի նախագծին առնչվող հարկային նոր փաթեթի վերաբերյալ:

Սակայն ՀԽ անդամ, բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն «Ա1+»-ին ասաց, որ քննարկումը եղել է նախնական, քանի որ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարության պատրաստած հարկային փաթեթը նույնպես նախնական տեսքով է եղել:

«Մեր աշխատանքային խումբն էլի կաշխատի, երբ ունենանք նրանց տված ակցիզային հարկի, եկամտային հարկի, հաստատագրված վճարների մասին պարամետրերը, մեր կարծիքը կհայտնենք»,-տեղեկացրեց Վազգեն Սաֆարյանը:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի համար այսօր, այնուամենայնիվ, մեկ բան պարզ դարձավ:

«Պետք է հարկային փոփոխություն արվի և դա պետք է գործողության մեջ մտնի առնվազն 6 ամիս հետո»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքերով, այն չի կարող ընդունվել դեկտեմբերին և գործողության մեջ մտնել հունվարի 1-ից, քանի որ տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում ընտելանալ նոր հարկային ճնշումներին։

Վազգեն Սաֆարյանի կարծիքով, որքան հարկային ճնշումը բարձրացվում է, այնքան հարկային դաշտը փոքրանում է: «Դրա համար պետք է հետևենք, որ հարկային ճնշումները փոքր լինեն, հարկային վարչարարությունը քիչ լինի: Իսկ այս նախագծով հարկային վարչարարությունն ավելի է խստացվում»,- ասաց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահը: