Պայմանական վաղաժամկետ ազատվածների թվի շուրջ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Լիաննա Գասպարյանի՝ հոկտեմբերի 20-ին Facebook-ում հրապարակած տեսանյութին և պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների թվի վերաբերյալ տվյալներին։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լիաննա Գասպարյանի կողմից Facebook սոցիալական կայքում 20.10.2026թ․-ին հրապարակված տեսանյութի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված 30.09.2026թ. դրությամբ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված 183 դատապարտյալների վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում Դատական դեպարտամենտի կողմից տրամադրված տեղեկատվությանը, քանի որ վերջինի վիճակագրությունը վերաբերում է 01.01.2026թ․-ից հետո ստացված միջնորդություններին և դրանց ելքերին, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նշել է 2026թ․-ի ընթացքում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների թիվը՝ անկախ այն հանգամանքից, թե պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկումը սկսված է եղել 01.01.2026թ․-ին, թե 2025թ․-ի վերջի ժամանակահատվածում։
Բացի այդ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից կատարվել է լրացուցիչ բանավոր հստակեցում, ինչին ի պատասխան Դատական դեպարտամենտից նշել են, որ տրամադրված տվյալները վերաբերում են միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերին:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք, մինչ ՀՀ արդարադատության նախարարի կողմից Թիվ մեկ ամբիոնից հնչեցված և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից պաշտոնապես տրամադրված տվյալները կասկածի տակ դնելը և «իրականությանը չհամապատասխանող» որակելը՝ կատարել լրացուցիչ հստակեցումներ և ստացված տվյալների պատշաճ վերլուծություն՝ զերծ մնալով անհարկի որակումներից:
Որպես հավելյալ տեղեկատվություն հայտնում ենք, որ 20.10.2026թ․-ի դրությամբ 2026թ․-ի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է 194 դատապարտյալ»: