Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կլինի բյուջեի դեֆիցիտ ու ստվեր»

Տնտեսություն
dd2d85ae2de386993022a52cd828c870

2012թ բյուջեն ունենալու է սոցիալական ուղղվածություն։ 35 մլրդ դրամով կավելանան սոցիալական հատկացումները, 3000 դրամով՝ թոշակները, 2700-ով՝ սոցիալական նպաստները։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Ըստ նրա, 2012 թվականին հարկահավաքությունը կկազմի 101 միլիարդ դրամ, իսկ hարկային եկամուտները կազմելու են 9 միլիարդ դրամ։ Համախառն ներքին արդյունքի աճը կլինի 4,6 տոկոս։

Անդրադառնալով կառավարության ձեռնարկած հարկային բարեփոխումներին, որի նպատակը գալիք տարվա բյուջեն իրացնելն է, հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը կարծում է, որ ցանկացած հարկային խստացում չի կարելի կիրառել տարին սկասելուց մի քանի օր կամ ամիս առաջ՝
կոնցեպտուալ իմաստով, որովհետեւ նման քայլը բարենպաստ պայման չի ստեղծում գործարար դաշտում։

Պարոն Սաֆարյանի կարծիքով, հարկային խստացումները վերաբերվում են հիմնականում սոց վճարումներին։ Եթե նախկինում գործատուն յուրաքանչյուր աշխատողի համար վճարում էր 7 հազար դրամ, այլեւս պետք է վճարի 9 հազար։ Սա, ըստ գործարարի, նշանակում է, որ «շատ ստացողը պետք է շատ հարկ մուծի»։

Գործարարը տեղեկացրեց, որ բարեփոխումների շրջանակում հավասարեցնելու են գինու, կոնյակի, օղու ակցիզային հարկերը, որպեսզի հավասար դաշտ ստեղծվի ու ոչ մի գործատու իր շահույթների հաշվին ապրանքների գինը չբարձրացնի։

Ի գիտություն սպառողների, գործարարը նշեց, որ գալիք տարի սուպերմարկետներում գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա կզգանք գների տարբերություն, այսինքն` ապրանքը կթանականա, իսկ հարկային տեսուչները կկարողանան իրենց վկայականը ցույց տալով մտնել ու տեղում ստուգում իրականացնել։

Խախտումներ հայտնաբերվելու դեպքում տուգանքը եթե նախկինում կազմում էր 150 հազար դրամ, բարեփոխումներից հետո կկազմի 300 հազար։ Կրկնակի խախտման դեպքում՝ 600 հազար դրամ։

Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց նաեւ, որ գալիք տարի մետաղական հումքի արտահանման պարագայում՝ ցինկ, պղինձ եւ այլն, արտահանողը կմուծի մաքսատուրք՝ ապրանքի 10 տոկոսի չափով, որ մինչ այժմ չի կիրառվել։ Ըստ պարոն Սաֆարյանի՝ սա կարող է առաջացնել նոր ստվեր։