«Հարկեր չպիտի գանձվեն»
2012 թվականի պետական բյուջեն իրացնելու նպատակով կառավարությունը խստացրել է հարկերը եւ հայտարարել բարեփոխումներ։
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, գալիք տարվա բյուջեն բարենպաստ կլինի թոշակառուների եւ նպաստառուների համար։
«Ա1+»-ի այն հարցին. արդյո՞ք կանխատեսված դեֆիցիտը ծածկելու նպատակով չեն իրականացվում հարկային բարեփոխումներն ու ի՞նչ հետեւանքներ կունենան մանր և միջին բիզնեսի ոլորտում, Վազգեն Սաֆարյանը պատասխանեց՝ «Մեր նման պետությունը պետք է ունենա դեֆիցիտ: Եթե 5-10 աշխատող ունեցող ընկերությունից հարկեր չգանձվեն, ապա Հայաստանում կավելանա փոքր և միջին բիզնեսը: Պետք է նրանք ազատվեն հարկերից: Մեր բյուջեի մեծ մասը լցվում է ներմուծվող ապրանքներից գոյացած հարկերից»:
Նրա կարծիքով, դեֆիցիտը, սակայն, կլինի բավականին փոքր: «Հարկային քաղաքականությունը պետք է լինի այսպիսին՝ շատ եկամուտից պիտի շատ գանձվի, քչից՝ քիչ»,- համոզված է հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը:
Տեղեկացնենք, որ Հայաստանի 2010թ. պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 174,4 մլրդ դրամ, 2011-ին` 148,6 մլրդ դրամ, իսկ 2012թ-ին, Վազգեն Սաֆարյանի կանխատեսումներով, բյուջեի դեֆիցիտը կլինի մոտ 132,5 մլրդ դրամ: