Վարչապետը չի՞ հասկանում (տեսանյութ)
Տնտեսագետ Զոյա Թադեւոսյանին հավատ չի ներշնչում ՀՀԿ տնտեսական համաժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե. ՀՀԿ-ն ունի բավականաչափ մտավոր և մարդկային ներուժ` քաղաքացիների համար բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովելու համար:
«Մեր քաղաքացիների կյանքը բարեկեցիկ չի դառնում հենց նրա համար, որ վարչապետի գլխում նման միտք է ծագում: Իսկ ՀՀ-ն չունի՞ այդպիսի ներուժ, անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ է ներկայացնում ՀՀ բնակիչը: Երբ ստեղծվում է պետություն եւ պետության մեջ իշխող կուսակցությունը պատասխանատվություն է կրում ոչ թե ամբողջ ժողովրդի, այլ միայն կուսակցության առջեւ, այսպիսի գնահատականներ են ստեղծում: Դրանք անհիմն չեն, այդ գնահատականները բխում են այն իրավիճակից, որը ստեղծվել է մեր երկրում»,- «Ա1+»-ին ասաց Զոյա Թադեւոսյանը:
Ըստ նրա, մեր երկրում ստեղծված իրավիճակը վկայում է, որ գործազրկությունը աճում է, բնակչությունն անընդհատ գաղթում է, երկրում չկան բավարար քանակի աշխատատեղեր, որ մարդիկ իրենք հոգան իրենց բարեկեցության մասին եւ ոչ թե սպասեն, որ իշխող կուսակցությունն ինչ-որ բան անի:
Տնտեսագետը անլուրջ է համարում նաեւ վարչապետի այն պնդումները, թե. Սերժ Սարգսյանը կատարել է իր նախընտրական ծրագրի տնտեսական հատվածի զգալի մասը։ «Եթե նախընտրական խոստումները կատարվել են, ապա դրանցից մեկը աղքատության մակարդակի իջեցումն էր մինչեւ 11,2 տոկոսից ցածր մակարդակ, բայց աղքատության մակարդակն այսօր հասնում է 72 տոկոսի: Եթե իրենց նպատակը դա էր, ուրեմն կատարվել է: Եթե չեն հրապարակում իրական տվյալները եւ փակ ֆորումներում ինքնագովեստով են զբաղվում, ուրեմն՝ նրանց ծրագրերը կատարվել են»:
Երկրում տիրող իրական վիճակը Տիկին Թադեւոսյանի տվյալներով հետևյալն են. «Ամեն րոպե երկիրը փլուզվում է: Եթե իշխանությունները պատասխանատվություն կրող ուժ են, թող ֆորում կազմակերպեն ժողովրդի առջեւ, այլ ոչ թե մեծահարուստների ներկայացնող կուսակցություններով հանդես գան եւ արձանագրեն, որ հաջողությունների են հասել»:
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե. այս տարի մենք հաջողություններ ենք արձանագրել գյուղատնտեսության, իսկ մյուս տարի այն ակնհայտ կլինի արդյունաբերության ոլորտում, ապա տիկին Թադեւոսյանն ասաց. «Վարչապետը չի հասկանում, թե ինչ է դիվերսիֆիկացիա: Նա ամեն վայրկյան ասում է, որ տնտեսությունը դիվերսիֆիկացվել է ու ինքն իրեն հերքում, խոսելով այսօր գյուղատնտեսության, իսկ վաղը՝ արդյունաբերության հաջողությունների մասին: Դիվերսիֆիկացիան միայն արդյունաբերության ոլորտում է տեղի ունենում, իսկ գյուղատնտեսությունը տնտեսության մեջ առանձին ճյուղ է, որտեղ զարգացումը կախված չէ այս իշխանություններից: Գյուղացին տքնում է, ինչ-որ նվազագույն բերք է ստանում եւ դրա համար միայն ինքը պետք է պարծենա: Այս իշխանությունները միայն խանգարում են գյուղացուն: Նրանք հենց գնացին դեպի գյուղ, այնտեղ ամեն ինչ-փչացավ՝ գյուղացու վիճակը վատթարացավ: Թող գնան այնտեղ, որտեղ իրենց կարիքը զգացվում է»: