Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԸ ԹԵՐԻ ԵՆ»

Մարզեր

Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը մարտի 2-ին տված հարցազրույցում ամփոփեց բնակբաշխման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձավ դրա հետ կապված մի շարք խնդիրների։

«Բնակբաշխման մարզային հանձնաժողովի աշխատանքները բավական լարված ընթացք ունեցան։ Սկզբում քաղաքապետարանը հրաժարվում էր հերթացուցակները տրամադրել, դրանք ստանալուց հետո էլ մարզային հանձնաժողովի աշխատանքների ծանրաբեռնվածությունը չթեթեւացավ, քանզի քաղաքապետարանի հանձնած բնակարանային գործերի մեծ մասը թերի էին։ Ցուցակներում ընդգրկված 7900 անօթեւաններից միայն 1200-ն են գործեր ունեցել, այն էլ ոչ ամբողջական»,- ասաց մարզպետը։

Հանձնաժողովի աշխատանքները դժվարացել են նաեւ գործերում առկա կեղծ փաստաթղթերի պատճառով։ Այս մասին մարզային հանձնաժողովը տեղեկացրել է դատախազությանը։

Նշվեց, որ կեղծ փաստաթղթեր են եղել անգամ որոշ պաշտոնյաների բնակարանային գործերում։ «Իսկ ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում մարզային հանձնաժողովը քաղաքապետարանի կատարած նախնական բաշխումների մեջ բազմաթիվ խախտումներ է արձանագրել»,- նշեց Ռոմիկ Մանուկյանը։

Օրինակ՝ որոշ ընտանիքների ոչ թե մեկ, այլ երկու բնակարան է հատկացվել, որի իրավունքը քաղաքապետարանը չի ունեցել։ Որոշ ընտանիքների էլ բնակարան է հատկացվել չնայած այն հանգամանքին, որ նրանք չեն ունեցել անօթեւանի կարգավիճակ։

Մարզպետի խոսքերով, բնակարան է հատկացվել նաեւ մահացածներին եւ հանրապետությունից բացակայողներին։ Այդպիսի 70 գործ կա մարզային հանձնաժողովի տրամադրության տակ: