Տուգանել ու բյուջե են լցրել 170 մլն դրամ (տեսանյութ)
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր ամփոփելով տարին, հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ 10 անգամ ավելի շատ ֆինանսական տուգանքներ են սահմանել իրավախախտ տնտեսվարողների նկատմամբ եւ պետական բյուջե են մուտքագրել ավելի քան 170 մլն դրամ:
Ըստ պարոն Շաբոյանի, ՏՄՊՊՀ-ն դեռ երբեք չի պարտվել: Դատարանները ՏՄՊՊՀ որոշումներն անվավեր չեն ճանաչել եւ վճիռները կայացրել են հօգուտ հանձնաժողովի: ՏՄՊՊՀ նախագահը գոհ է. «Եթե դատարանները այլ վճիռ կայացնեին, ապա այս դեպքում մեր աշխատանքը դառնում էր անարդյունավետ»:
Հաղթանակների գաղտնիքը Արտակ Շաբոյանը պայմանավորում է նրանով, որ իրենց կայացրած որոշումներն ավելի հիմնավոր ու ուժեղ են, քան տնտեսվարողների ներկայացրած փաստարկները: Այսօր հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի հետ տեղի ունեցած ընդլայնված նիստի ընթացքում նա նշեց այդ հաղթանակների պատճառները. «Բացի ֆինանսական տուգանքներ նշանակելը, մենք նաեւ լրջորեն ազդում ենք տնտեսվարողի իմիջի վրա: Այդ տեսանկյունից մենք սխալվելու իրավունք չունենք»:
Գործարարների ու գործատուների շահերը ներկայացնող Արսեն Ղազարյանն էլ էր կողմ, որ իրավախատ տնտեսվարողները մեկ անգամ պատժվեն, այլ ոչ թե գումարներ շռայլելով շարունակեն ապօրինությունները։
«Գերակա դիրք ունեցող ոլորտներ, դեռեւս նախկինից եկած ավանդույթով շարունակում են չարաշահել իրենց դիրքոը, որը բերում է նաեւ ստվերի մեծացմանը»,- բացահայտեց արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահը:
Արսեն Ղազարյանին հատկապես վրդովեցրել է որոշ տնտեսվարողների անփութությունն ու չարաշահումները հատկապես սննդի ոլորտում. «ինչպե՞ս կարելի է ազգաբնակչության առողջության հետ կապված գերխնդիրներում նման պարզունակ ու էգոցենտրիկ որոշումներ կայացնել` հավելանյութեր օգտագործել սեփական արտադրության մեջ»:
Ի դեպ, ՏՄՄՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ Ամանորի նախաշեմին իրենք բացառելու են գների անբարեխիղճ բարձրացումը ու էլ ավելի խիստ վերահսկողություն են սահմանելու սննդի, հատկապես ձվի շուկայում»։
«Եթե անցած տարվա վիճակը կրկնվի, մենք շատ ավելի խիստ ենք լինելու եւ կարծում եմ` տնտեսվարողներն այնքան ողջամիտ կլինեն, որ ձեռնպահ կմնան նման գործողություններից»: