Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՄՄՊՀ-ն անհի՞մն է տուգանել «Աշտարակ կաթ»ին (տեսանյութ)

Տնտեսություն
b00eaf44f421ac8e3d1ae5f3e8ac2949

«Տարիների ընթացքում բարեխիղճ աշխատանքով վաստակած մեր անունն այսօր փորձում են արատավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են «Աշտարակ կաթ» ընկերության ներկայացուցիչները:

Ընկերությանը մի քանի օր առաջ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը տուգանել էր եւ խոստացել 5 օրվա ընթացքում խանութներից հավաքել «իրավախախտ ընկերության» ապրանքատեսականին: Ի դեպ, «Աշտարակ կաթ»-ը զբաղեցնում է շուկայի մոտ 35 տոկոսը:

Ըստ տնօրենի, կաթնամթերքի արտադրությունը «Աշտարակ կաթ» ընկերությանը շահույթ չի բերում ու ընկերությունը վնասով է աշխատում: Նրան վրդովեցրել էր իրենց տուգանելու մասին ՏՄՄՊՀ-ի որոշումը:

Հանձնաժողովն ընկերությանը տուգանել է 50 միլիոն դրամով, կաթնամթերքի մեջ կոկոսի յուղ եւ կաթի փոշ օգտագործելու համար։

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ «Աշտարակ կաթ»-ի ավանդական տեսականու մեջ` կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ,
իսպառ բացակայում են բուսական յուղերը»,- հայտարարեց «Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Նա վստահեցնում է, որ իրենք կոկոսի յուղն օգտագործում են միայն օրենքով թույլատրված ապրանքատեսակներում` պաղպաղակ, սփրեյ, ջնարակված պանրիկներ. «կոկոսի յուղը երբեք չի եղել վտանգավոր եւ անթույլատրելի, ինչպես դա փորձ է արվում ներկայացնել»:

Խոսքը գործով ապացուցելու համար, պարոն Ասլանյանը կոչ է անում մտնել ցանկացած խանութ, գնել «Աշտարակ կաթ»-ի ցանկացած կաթնամթերք եւ տանել փորձաքննության: Նա վստահեցնում է, որ արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվի: Մինչդեռ ընկերությունը լուրջ կասկածներ ունի հանձնաժողովի գործունեության հետ կապված։

«Ես չունեմ ոչ մի լաբորատոր հետազոտության կամ փորձաքննության պատասխան: Մենք նույնիսկ համոզված չենք, որ դա արված է, թող բերեն, ցույց տան»,- պահանջեց Ստեփան Ասլանյանը:

Իսկ ո՞րն էր այդ դեպքում ընկերությանը տուգանելու՝ հանձնաժողովի նպատակը։ Ստեփան Ասլանյանն այս հարցը չցանկացավ մեկնաբանել: