Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պղնձամոլիբդենայինը պարտք է 4 մլդ դոլար»

Տնտեսություն
fb0a7fb4aaf228f1bc33a584e4637dcf

«Պահանջում ենք վերջ տալ Հայաստանի հանքարդյունաբերական կողոպուտին»,- ասված է «Ժառանգության» այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Կուսակցությունը հայտարարում է, որ սատարում է սահմանամերձ Քաջարան գյուղի եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 5 գյուղերի` Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի բնակիչների պայքարին` ընդդեմ իրենց հողերի (500 հեկտարից ավելի) նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, որի համաձայն դրանք ձեռք է բերելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ):

«Ժառանգություն»-ը նշում է, որ «իշխանությունների հայտնի օղակների հովանավորությամբ, միայն 2011թ. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում նշված շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարները չգանձելու արդյունքում մետաղական հանքերը շահագործող տնտեսվարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետությունից թաքցրել են առնվազն 418 մլրդ դրամ կամ 1,1 մլրդ դոլար գումար՞:

Նշված օրենքով պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում միայն ԶՊՄԿ-ից պետք է ՀՀ պետբյուջե մուտքագրվեր 384 մլրդ դրամ գումար:

«Դրանով ՀՀ բյուջեն զրկվում է ոչ մետաղական հանքերի դեպքում առաջիկա 100 տարվա, իսկ մետաղական հանքերի դեպքում` առաջիկա 1000 տարվա համար պոչանքների պահպանության եւ սպասարկման, շրջակա միջավայրի աղտոտման կառավարման, մերձակայքում ապրող մարդկանց արժանավայել փոխհատուցման համար անհրաժեշտ միջոցներից: 2007թ.-ին նշված օրենքի ընդունումից ի վեր, ԶՊՄԿ-ն տեղադրել է ավելի քան 55 մլն տոննա թափոններ, որի համար պարտավոր էր, սակայն չի վճարել Հայաստանի Հանրապետությանը 1,3 տրլն դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլար: Այս պարտքը լիովին բավարար հիմք է, որպեսզի ԶՊՄԿ-ը պետականացվի, իսկ Հայաստանի ազգային հարստության անխնա շահագործումից գոյացող տարեկան հարյուր միլիոնավոր դոլարների հասնող շահույթն այսուհետ ուղղվի պետական բյուջե»,-ասվածշ է հաղորդագրության մեջ։


Կուսակցությունը նաեւ այսպիսի վիճակագրություն է ներկայացնում. 2004թ. դեկտեմբերին կնքված գործարքի համաձայն` ԶՊՄԿ-ը 132 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է` 60%-ը «գերմանական» «Chronomet»-ին, 15%-ը` «Մաքուր երկաթ» ԲԲԸ-ին, 12,5-ական տոկոսը «Armenian Molybdenum Production» ՓԲԸ-ին եւ «Zangezur Mining» ՍՊԸ-ին: Ընդ որում` գնորդները 2004թ. վերջին վճարել են ընդամենը 42 մլն ԱՄՆ դոլարը, մնացյալ 90 միլիոնը վճարել են արդեն 2005թ. հանքից ստացված 120 մլն դոլար շահույթից:

«Աշխարհի մոլիբդենի պաշարների 7%-ը պարունակող հանքի 25 տարվա շահագործման իրավունքով` կոնցեսիոն պայմանագրով հանդերձ, ԶՊՄԿ-ի իրական շուկայական արժեքը 2004թ. դրությամբ, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, տատանվել է 1-1,5 մլրդ դոլարի շրջանակներում, իսկ այժմ պղնձի եւ մոլիբդենի գների էական աճի եւ միջազգային շուկաներում դոլարի սղաճի արդյունքում այն անցնում է 2 մլրդ դոլարից` այսինքն 14 անգամ ավելի թանկ այն գնից, որով այն մասնավորեցվել է»

«Պետական ունեցվածքի նման ակնհայտ կողոպուտ հնարավոր էր միայն նման հանցավոր կառավարման համակարգում: Փաստորեն, մի քանի հոգի ամեն տարի կողոպտում են ՀՀ հարյուրավոր միլիոն դոլարների ունեցվածքը, այսինքն` ամեն տարի մտնում են մեր թոշակառուների գրպանները, գողանում են դպրոցներից ու համալսարաններից, մեր բանակից եւ դրա համար որեւէ մեկը չի պատժվում: Ավելին` իշխանություններ ստանձնել է այդ կողոպտիչների մասնավոր շահերի սպասարկման հանցավոր գործառույթը` նպատակաուղղված աղքատացնելով թե հանքի շրջակայքում գտնվող գյուղերը եւ թե ամբողջ երկիրը»,-ասված է հայտարարության մեջ։

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է
1. անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան եւ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի օտարման վերաբերյալ,
2. անհապաղ դադարեցնել նշված գյուղերի բնակիչների հանդեպ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու փորձերը` նրանց սեփականության իրավունքներից հրաժարվելու ուղղությամբ,
Բացի այդ «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում մյուս խորհրդարանական ուժերին միասին հանդես գալ այս խնդրով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։