ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել /լրացված/
Հարցազրույց ԲՀԿ պատգամավոր, ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ։
Տիկին Զոհրաբյան, ի՞նչ կարծիք ունենք ձեր գործընկերների կողմից առաջարկած ԱԺ համապետական ընտրություններին մեծամասնական ընտրակարգը վերացնելու և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկի մասին:
-Խնդիրը մեր խմբակցությունում դեռ չի քննարկվել, բայց դուք գիտեք, որ «Բարգավաճ Հայաստանի» ծրագրում ֆիքսված է աստիճանական անցումը՝ 100 տոկոսանոց ընտրական համակարգին։
Ես կարծում եմ, որ առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կքննարկի մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկը, եւ բնականաբար, երբ խորհրդարանում կլինեն քննարկումներ, մենք արդեն հստակ կհայտնենք մեր վերջնական դիրքորոշումը։
Բայց եթե մենք իրապես ուզում ենք ունենալ կայացած քաղաքական կուսակցություններ, ունենալ խորհրդարան, որտեղ գերակշռող կլինեն ոչ թե անձնական խնդիրները եւ որտեղ օրակարգը կձեւավորվի բացառապես քաղաքական մոտիվացիաներով, պետք է անցում կատարենք 100 տոկոսանոց ընտրական համակարգի։
Հիմա սահմանադրագետների միջեւ վեճ կա, թե. արդյո՞ք չկա հակասություն։ Քանի որ սահմանադրությունում գրված է, որ յուրաքանչյուր ոք ունի ընտրվելու եւ ընտրելու իրավունք, միգուցե 100 տոկոսանոց ձեւաչափը խոչընդոտո՞ւմ է մարդու ընտրվելու իրավունքը։ Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, որովհետեւ ինքս սահմանադրագետ չեմ։ Կարծում եմ, այդ հարցը պետք է թողենք իրավաբաններին եւ սահմանադրագետներին, որ իրենք տան իրենց եզրակացությունը։
Բայց կրկնում եմ՝ եթե ուզում ենք ունենալ քաղաքական խորհրդարան, պետք է անցում կատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին։ Սա իմ անձնական տեսակետն է՝ որպես պատգամավորի։ Սա նաեւ մեր խմբակցության մի քանի պատգամավորների տեսակետն է, որոնց հետ ես հասցրել եմ զրուցել։ Երբ խմբակցությունում կքննարկվի մեր գործընկերների ներկայացրած առաջարկը, քննարկումներին, բնականաբար, կմասնակցի կուսակցության նախագահը եւ մենք մեր վերջնական որոշումը կներկայացնենք։
Տարբեր քաղաքական «վերլուծաբաններ» շարունակում են չբացառել, որ կոալիցիան, այնուամենայնիվ, որոշում կկայացնի ընտրություններին մասնակցել մեկ միասնական ցուցակով: ԲՀԿ-ն հնարավոր համարո՞ւմ է նման համաձայնությունը:
-Միասնական ցուցակի մասին տարատեսակ լուրեր շրջանառության մեջ դնելու առաջին իսկ օրից, ԲՀԿ նախագահն ու կուսակցության անդամները հստակ ասել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է առանձին եւ որեւէ պարագայում խոսք անգամ լինել չի կարող միասնական ցուցակի մասին: Այդ մասին սպառիչ ասել է կուսակցության նախագահը՝ դեռ ամիսներ առաջ տված իր հարցազրույցում, այդ մասին սպառիչ ասել են ԲՀԿ անդամները: Այսքանով, հույս ունեմ, միասնական ցուցակի թեման կարելի է համարել վերջնականապես փակված:
Ի՞նչ տրամադրություններ են տիրում ԲՀԿ-ում:
-Մենք հստակ պատկերացնում ենք քաղաքական դաշտում մեր տեղն ու դերը, շատ լավ գիտենք կուսակցության եւ նրա ղեկավարի վարկանիշը, մեր օրեցօր մեծացող ներուժը: Մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում Ազգային ժողովի ընտրություններին, լիովին պատկերացնում ենք դրանց նշանակությունը՝ մեր պետության և ժողովրդի համար:
«Բարգավաճ Հայաստանը» բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերին կոչ է անում պատրաստվել բաց, ծրագրային քննարկումների ու բանավեճերի: Մենք խիստ կարեւորում ենք, որ բոլոր ուժերը զերծ մնան միմյանց հանդեպ անհիմն մեղադրանքներից, անձնական վիրավորանքներից, էժանագին ու պատվիրված շոուներից: ԲՀԿ-ն երբեք չի հայտնվի այդ դաշտում: Ավելին՝ մենք կցուցաբերենք ուսանելի զսպվածություն եւ հանդուրժողականություն:
Ես ուզում եմ նաև շեշտել, որ ամեն ինչ ունի իր տրամաբանական սահմանները: ԲՀԿ-ն ունի բոլոր ռեսուրսները՝ ամենասուր հակազդեցության համար:
Իսկ Հայ Ազգային Կոնգրեսի հետ պատրաստվո՞ւմ եք բաց, ծրագրային քննարկումներ, բանավեճեր անցկացնել։
- «Բարգավաճ Հայաստան»-ը մշտապես ասել է, որ Հայաստանի քաղաքական օրակարգում չկա որեւէ խնդիր՝ թե ներքին, թե արտաքին, որ հնարավոր չլինի քննարկել անգամ ամենաարմատական ընդդիմախոսների հետ։
Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը այսօր պետք է ունենան մեկ գերխնդիր՝ ամեն մեկն իր պատասխանատվության, իրավազորությունների, լիազորությունների չափով պետք է անի հնարավորը, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։
Ես կարծում եմ, որ որեւէ խնդիր չկա, որպեսզի բոլոր քաղաքական ուժերի միջեւ լինի կոնսեսուս՝ առաջիկա ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար։
Դեռեւս 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ մեր կուսակցությունը հրավիրեց իր համագումարը, ընդունեց հայտարարություն, որտեղ մենք խոսեցինք, որ անհրաժեշտ է մեր երկրում ձեւավորել քաղաքական նոր՝ փոխադարձ հանդուրժողականության եւ քաղաքացիական մշակույթ։
Մենք իրավունք չունենք ունենալու պառակտված հասարակություն, իրավունք չունենք ունենալու իրար հանդեպ ատելությամբ, թշնամաբար տրամադրված քաղաքական ուժեր, որոնք հասարակությունը կբաժանեն տարբեր հատվածների՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր։
Հանդիպե՞լ եք ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ եւ ի՞նչ հարցեր եք քննարկել։
- Պրեսկոտին հանդիպել եմ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ եւ հետո, որպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ։ Հանդիպումների օրակարգի հիմնական հարցը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են։