Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է ակադեմիկոսը

Հասարակություն
63975a85b435b1f1c43713146de83026

82-րդ տարում կյանքից հեռացել է հայ անվանի պատմաբան, հայագետ-արևելագետ, ակադեմիկոս Մանվել Կարապետի Զուլալյանը:

Ակադեմիկոսն ուղեղի կաթված ստանալու պատճառով վայր է ընկել Մանկավարժական համալսարանի աստիճաններից։ Չնայած բժիշկների ջանքերին և կատարված վիրահատությանը՝ Զուլալյանին փրկել չի հաջողվել։

Մեծ է Զուլայանի ներդրումը Հայաստանի, ինչպես նաև համաշխարհային պատմության առանցքային շատ հիմնահարցերի ուսումնասիրության գործում:

Մանվել Զուլալյանի գիտական հետազոտությունների համակարգված ամբողջացումն էր «Արևմտյան Հայաստանը 16-18-րդ դարերում» մենագրությունը (Երևան, 1980): 1990թ. Մ. Զուլալյանը հրատարակեց «Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների (13-18-րդ դդ.)» հետազոտության առաջին գիրքը, որը նվիրված էր Հայաստանի քաղաքական պատմության հիմնահարցերի համակողմանի լուսաբանման համար օտար հեղինակների կարևոր դիտարկումների ու հաղորդումների հետազոտմանը:

Ակադեմիկոս Մ. Զուլալյանը որպես հեղինակ իր ակտիվ մասնակցությունն է բերել ԳԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծման աշխատանքներին:

Գիտահետազոտական աշխատանքներին զուգահեռ Մ. Զուլալյանը տասնամյակներ շարունակ դասավանդել է Երևանի Պետական համալսարանում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, եղել է Ընդհանուր /Համաշխարհային/ պատմության ամբիոնի վարիչ, իրեն հատուկ եռանդով ուսանողներին հաղորդել հարուստ և բազմակողմանի գիտելիքներ:

«Մանվել Զուլալյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԲՈՀ-ի մասնագիտական խորհուդների անդամ, նրա խստապահանջ ու հոգատար ղեկավարությամբ շատ ասպիրանտներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ:

Հարազատ ժողովրդի պատմությանը նվիրյալ վաստակաշատ, լայն ընդրկման տեր գիտնականի հիշատակը միշտ անմոռաց կմնա իր գործընկերների և բազմաթիվ աշակերտների մոտ, և իր հիմնարար աշխատություններով Մ. Զուլալյանը կշարունակի հավատարմորեն ծառայել երախտապարտ իր ժողովրդին»,- ասված է ՀՀ կրության եւ գիտության նախարարության, ՀՀ ԳԱԱ եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարածած ցավակցական ուղերձում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Մանվել Զուլալյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովից տեղեկացնում են, որ ականավոր գիտնականի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին, ժամը 18-ին` Սբ. Հովհաննես եկեղեցում, իսկ  23-ին ժամը 12-ից 14-ը ակադեմիկոսին հրաժեշտ կտան Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղից, ժամը 14-ին նրա մարմինը կտեղափոխվի քաղաքային պանթեոն: