Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ը դիմել է Վճռաբեկ դատարան (տեսանյութ)

Հարցազրույց
442bb4a500da98f26d7c8d995dc5fa49

Հարցազրույց «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հետ։

-Պարոն Զեյնալյան, ի՞նչ պահանջ եք ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանին եւ ի՞նչ ակնկալիք ունեք:

-Փորձեմ ներկայացնել նախապատմությունը. բավական երկար ձգվող գործընթաց է։ 2003 թվականին տեղի ունեցան հեռուստահաճախությունների մրցույթներ, որոնց մասնակցեց նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը եւ 7 անգամ մերժվեց՝ բոլոր այդ կապուղիների մրցույթներում պարտված ճանաչվեց։

Ա1+»-ը այդ մերժման որոշումները բողոքարկեց ներպետական դատարաններում, որոնք  չնկատեցին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված, կամ Սահմանադրության համապատասխան հոդվածով երաշխավորված խոսքի ազատության իրավունքի խախտման փաստ։ Գտան, որ ՀՌԱՀ-ի կայացրած ակտերը ընդունվել են օրենքի հիման վրա եւ չեն հակասում օրենքներին, այդ թվում՝ կոնվենցիային։

«Մելտեքս» ՍՊԸ-ն դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ 2007 թվականի վճռով ԵԴ-ն ճանաչեց, որ ՀՀ-ի կողմից խախտվել է «Ա1+»-ի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ «Ա1+»-ին արտոնագիր տրամադրելու այդ 7 որոշումները խոսքի ազատության իրավունքի եւ կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման փաստեր են։ Սա արձանագրել է ՄԻԵԴ-ը։

Եվրոպական դատարանի վճիռները հիմք են, որպեսզի ներպետական ատյաններում վերանայվեն դատական ակտերը, քանի որ ԵԴ-ի վճիռը 4-րդ ատյանի դատական ակտ չէ, եւ չի բեկանում ներպետական դատական ակտերը։

Պետությունը ԵԴ-ի վճռի հիման վրա պետք է պրոցեսը վերաբացի եւ վերականգնի մինչեւ խախտումը եղած վիճակը։ Իսկ խախտումը եղել է 2003 թվականին։ 2007-ին, ՄԻԵԴ-ի որոշումից հետո մենք պահանջեցինք, որ Վճռաբեկ դատարանը վերաբացի գործը եւ կատարի ՄԻԵԴ-ի վճիռը։ Վճռաբեկ դատարանը ընդհանրապես չարձանագրեց, որ ՀՀ-ում տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում եւ չվերանայեց դատական ակտը, այլ թողեց օրինական ուժի մեջ՝ կիրառելով օրենքի նորմեր, որոնք արդեն մի անգամ ՍԴ -ում վեճի առարկա էին եղել եւ ճանաչվել էին հակասահմանադրական ու անվավեր։

Մենք վիճարկեցինք դրանք, ՍԴ-ն վերահաստատեց իր դիրքորոշումները եւ դա նորից հիմք հանդիսացավ կրկին  վերաբացելու գործը։ Կրկին դիմեցինք Վճռաբեկ դատարան, այս անգամ Վճռաբեկ դատարանը չվերանայեց գործը, կիրառելով մեկ այլ օրենք, որ այս ընթացքում ընդունել էր ԱԺ-ն եւ որը հակասում էր ՍԴ-ի արդեն իսկ կայացրած իրավական դիրքորոշումներին։ Մենք այն վիճարկեցինք ՍԴ-ում՝ Քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 204.38 հոդվածի սահմանադրականությունը եւ ՍԴ-ն բացահայտեց դրա սահմանադրարիավական բովանդակությունը ու նոյեմբերի 1-ից այն մտավ ուժի մեջ: Մենք եռամսյա ժամկետ ունեինք, որպեսզի դիմեինք Վճռաբեկ դատարան ՝ ՍԴ-ի որոշումը, ՍԴ-ի նախորդ որոշումը եւ ի վերջո ԵԴ-ի վճիռը կատարելու համար։ Հիմա բողոքը մուտքագրված է Վճռաբեկ դատարան, երկու առանձին բողոքներ են, որպեսզի վերջապես այս «մատրյոշկան» բացվի։ 

 

-Ձեր կարծիքով դատարանը կբավարարի՞  հայցադիմումը, հաշվի առնելով նախկին փորձն ու ավանդույթները։ Մանավանդ, որ ինչպես Դուք նկատեցիք, ՍԴ նախորդ վճիռները չկատարելու փաստը եւս վիճարկում եք։

-Կարծում եմ, Հայաստանում պետք է բան փոխվի, պետք է դատարանները փոխվեն,  պետք է կատարեն ՍԴ որոշումները եւ ՄԻԵԴ  վճիռները։ Այլապես մեր երկրում չի փոխվի վերաբերմունքը դատարանների նկատմամբ, անօգուտ կլինի իրավունքների պաշտպանության գործը թե ՍԴ-ում, թե ՄԻԵԴ-ում:

 

-Դուք ասում եք՝ պետք է կատարել ՄԻԵԴ որոշումները, իսկ ՀՀ իշխանությունը ԵԽ նախարարների կոմիտեին զեկուցել է, որ կատարել է վճիռը: Նախարարների կոմիտեն էլ ընդունել է ի գիտություն այդ ծանուցումը:

-Այո, դուք իրավացի եք, նախարարների կոմիտեն վերահսկողության ցուցակից հանել է ՄԻԵԴ վճռի կատարման պրոցեսը, բայց այստեղ կա հակասություն։ Փաստորեն, ներպետական ամենաբարձր մարմինը' ՍԴ-ն ասում է, որ ՄԻԵԴ վճիռը կատարված չէ, դեռ ենթակա է կատարման, իսկ իշխանություններն ուղարկում են ծանուցում, թե. կատարված է եւ դեռ նախարարների կոմիտեն էլ գործը հանում է վերահսկողությունից:

 

Այստեղ կա հակասություն եւ սա է հենց դժգոհությունների առիթ տալիս։ Սա էլ պատճառ է հանդիսանում, որ մարդիկ չվստահեն նաեւ նման մարմիներին։ Մենք բացառիկ փորձ ունենք. երբ պրոցեսը ՀՀ-ում դեռ շարունակվում է, իսկ նախարարների կոմիտեն իր ցուցակից հանել է գործը: Ի դեպ, նախարարների կոմիտեն տեղեկացված է, որ պրոցեսը շարունակվում է եւ մենք ստացել ենք եւս մեկ հնարավորություն ՄԻԵԴ-ի վճռի կատարման պահանջով դատարան դիմելու:

 

-Եթե վճռաբեկ դատարանը մերժի այս հայցադիմումը, հնարավո՞ր է, որ կրկին դիմեք Եվրոդատարան արդեն այս մերժման հիմքով:

-Մենք այս պահին արդեն ունենք մի գանգատ հենց 2007 թվականի վճիռը չկատարելու հիմքով: Մենք մշտապես այն համալրում, թարմացնում ենք նյութերով, ուղարկում ենք ՍԴ որոշումները, հիմնավորում ենք, որ ՄԻԵԴ վճռի չկատարումը շարունակում է «Մելտեքս» ՍՊԸ «Ա1+» հեռուստաընկերության իրավունքների ոտնահարումը:

 

-Եթե վերանանք իրավական հարթությունից եւ քաղաքական տեսանկյունից դիտարկենք հարցը, որքանո՞վ է ձեռնտու ՀՀ իշխանություններին եթերազրկված պահել այն հեռուստաընկերությանը, որի անունը շարունակում է մնալ ԵԽ բանաձեւերում, միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում եւ այլն: Մի՞թե իրենք չեն հասկանում դրա հետեւանքները:

-Կարծում եմ, իներտություն կա,  քանի որ «Ա1+»-ը փակելու որոշում է եղել, իներցիայով այսօր էլ պահպանվում է այդ մոտեցումը, ժողովրդական լեզվով'«թքածը չլզելու» սկզբունքն է գործում, ինչը հարիր չէ մեր երկրին: Մեր պետական պաշտոնյաները գործում են երկրի անունից եւ իրենց վարքագիծը վերագրվում է Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանն այդպիսին չէ եւ  պիտի ընդունի նաեւ իր սխալները, իսկ որ գործել է՝ դրանց մասին վկայում են ՀՀ -ի դեմ կայացված վճիռները, դրանք մոտ 30-նն են:  

 

-Ինչպե՞ս կգնահատեք հեռուստատեսային դաշտը։ Արդեն 10 տարի է «Ա1+»-ը զրկված է եթերից, ինչպե՞ս եք գնահատում խոսքի ազատության մակարդակը՝ եթերում:

-Տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում եւ ինֆորմացիան այնպիսի մի հատկություն, դրական պոտենցիալ ունի, որ հոսում է այնտեղ, ուր կա դրա կարիքը։ Տեղեկատվությունն այսօր բավականին մատչելի է, ինտերնետ կա, «Ա1+»-ը հեռարձակվում է ինտերնետով, կան շատ այլ քաղաքական, ընդդիմադիր հաղորդումներ, որ տեղադրված են համացանցում։

 

«Ա1+»-ը փակած պահելու քաղաքական նպատակահարմարությունը չեմ տեսնում, նույնիսկ բջջային հեռախոսներն են այսօր թույլ տալիս շատ արագ եւ կարճ, սեղմ հաղորդագհրությունների տեսքով տեղեկատվություն փոխանակել։ Սահմանադրորեն պետությունը պիտի հնարավորություն ունենա կարգավորելու այս ամենը, դա օրինական է, դա մենք ընդունում ենք։ Եվ «Ա1+»-ին եթեր չտալով՝ պետությունը դուրս է գալիս այս ոլորտը վերահսկաղության հանրավորությունից, ուստի շատ ավելի ճիշտ կլիներ «Ա1+»-ը չփակել, չզրկել եթերից: Իմ խորին համոզմամբ՝ սա մեզ վնասել է:

 

Զրուցեց Դիանա Մարկոսյանը