Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին տնօրենին կդատեն փետրվարի 17-ից

Հասարակություն
9f3539430a0a788ad45cef97c5343692

Երեւան քաղաքի «Մ. Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ա. Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքը եւ դպրոցի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2008-2009 եւ 2009-2010թթ. ուստարվա ֆինանսական հաշվետվություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով կեղծել է 2008 եւ 2009թթ. ուսումնական տարիների 9-րդ եւ 10-րդ դասարանների փաստացի կոմպլեկտավորման ցուցանիշները. փաստացի առկա աշակերտների թիվն ավել է ներկայացրել` հավելագրելով ընդհանուր առմամբ թվով 52 աշակերտների: Արդյունքում` Ա. Սարգսյանը ՀՀ պետական բյուջեից ստացել է դպրոցում փաստացի սովորող աշակերտների թվի համեմատ ավել ֆինանսավորում 4 683 000 դրամի չափով:

Ըստ դատախազության՝ Ա. Սարգսյանը 2008-2009թթ. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 3.054.160 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Քրեական գործով դատաքննությունը նշանակված է 2012թ. փետրվարի 17-ին:

Նշենք, որ քրեական գործի քննության ընթացքում պարզվել է նաեւ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը մի շարք թերություններ, ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր է հայտնաբերել Երեւան եւ Աբովյան քաղաքների մի քանի այլ դպրոցներում եւս, որոնց ուղղությամբ ոստիկանությունում նախաքննությունը շարունակվում է: