Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը հետեւում է աշակերտներին

Հասարակություն
e7db469d69e9f0bcb7786ee046d63601

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի 2012 թվականի առաջին նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը:

Քննարկվել են կրթության ոլորտում միասնական պետկան քաղաքականությանն առնչվող խնդիրներ:

Նախարարը, մասնավորապես, ներկաների ուշադրությունը հրավիրել է կրթական համակարգից տարբեր պատճառներով դուրս մնացած երեխաների խնդրի վրա և նշել, որ վիճակագրական տվյալներն այս առումով հստակ ու սպառիչ չեն:

Տեղերում իրավիճակի վերաբերյալ մարզպետները ներկայացրել են իրենց գնահատականներն ու մոտեցումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների թիվը ճշտելու նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների և ոստիկանության համապատասխան բաժինների կողմից կատարվել է ուսումնասիրություն` մայրաքաղաքում հաշվառվել է դպրոց չհաճախող 10 երեխա, արդյունքը վերջնական չէ, աշխատանքները շարունակվում են:

Ընդգծելով, որ հիմնական կրթությունն օրենքով պարտադիր է բոլոր երեխաների համար, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն և իրավիճակի գնահատական ունենալու նպատակով նախարարությունն ակնկալում է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես UNICEF-ի աջակցությունը:

ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում ադրադարձ է եղել նաև դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությանը: Նախարարի գնահատմամբ՝ կառավարման խորհուրդները, չնայած ինստիտուցիոնալ առումով դեռևս լիարժեք կայացած չեն, բայց ընդհանուր առմամբ աշխատում են արդյունավետ:

Ա. Աշոտյանի խոսքով՝ նախորդ տարվա սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավելի քան 900 դպրոցներում տեղի են ունեցել տնօրենների մրցույթներ, որոնցից ընդամենը մեկ տասնյակի` այսինքն մոտ 1 տոկոսի վերաբերյալ են բողոքներ ու դժգոհություններ եղել:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների ֆինանասավորմանը, դասագրքերին, ուսուցիչների վերապատրաստմանը և ատեստավորմանը, ՀՀ բուհերի նախորդ տարվա հաշվետվություններին ու համակարգի ֆինանսավորմանը վերաբերող մի շարք խնդիրների:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի կրթության ոլորտի գերակայություններից բխող 2012 թվականի միջոցառումները: