Մանկապարտեզը քանդել, էլիտար են կառուցում (տեսանյութ)
Նալբանդյանի փողոցում, ոստիկանության աշխատակիցների երեխաների համար դեռեւս ԽՍՀՄ տարիներին կառուցված մանկապարտեզի շենքից խոր փոս է մնացել:
Կառավարության որոշմամբ այստեղ էլ պիտի վեր խոյանա հերթական էլիտարը:
Ավելի քան մեկ տարի Նալբանդյան 106/1 շենքերի բնակիչները պայքարում են, որպեսզի քանդած մանկապարտեզի փոխարեն կառուցվի նորն ու վերականգնվի ավերված կանաչ տարածքը:
Օրերս Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանդիպել է բնակիչներին եւ առաջարկել. «Կամ կառուցում ենք 9 հարկ, ամբողջ տարածքը բերելով բարեկարգ տեսքի, կամ կառուցում ենք 7 հարկ՝ մասնակի բարեկարգելով տարածքը»։
Իսկ այսօր Գլխավոր ճարտարապետի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը հորդորում էր հաշվի նստել նաեւ ներդրողի հետ, որն այդ տարածքից նախատեսում է ստանալ «եթե ոչ գերշահույթ, գոնե շահույթ»։
Բնակիչներն, ի դեպ, այս հարցում նրա հետ համակարծիք են։ «Ինվեստորը ամենամեծ տուժողն է այս գործում, որովհետեւ ինքը չգիտեր, որ իր կառուցապատումը այս տեսակ ռիսկեր է ունենալու։ Մենք ուզում ենք բարեկեցիկ բակ առանց շենքի, բարեկարգեք, սարքեք օրինակելի բակ»,- պահանջում էր բնակիչների շահերի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը։
Բնակիչների կարծիքով, ոչ ներդրողը եւ ոչ էլ կառավարությունը խնդրին չեն մոտեցել սեյսմիկ ռիսկի տեսանկյունից: «Դա նշանակում է ուղղակի խախտել բնակիչների սահմանադրությամբ ամրագրված առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը»,- նշեց փաստաբան Տիգրանյանը։
Այսօր էլ գլխավոր ճարտարապետի ներկայացուցիչն ու բնակիչները ընդհանուր հայտարարի չեկան, իսկ բանավեճն ավարտվեց քաղաքապետարանի ներկայացուցչի հետեւյալ հայտարարությամբ. «Կառավարության որոշումը պետք է իրականացվի»։