Կառավարությունը պաշտոնապես ճանաչեց
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես ճանաչեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոներ:
Այս օրերին ուժի մեջ է մտնում Հայաստանի կառավարության որոշումը, համաձայն որի հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու մասին համաձայնությունները /պայմանագրերը/ հարկման նպատակով որակվում են որպես կոնցեսիոն պայմանագրեր: Այսպիսով, ՀՀ կառավարությունը սահմանում է ենթակառուցվածքի հանձնման մասին պայմանագրերի որպես կոնցեսիոն որակելու հստակ չափանիշներ և ընթացակարգեր:
Հանրային ծառայությունների մատուցման համար նախատեսված ենթակառուցվածքների շարքին դասվում են, մասնավորապես, երկաթուղային համակարգը, ավտոկայանները, օդանավակայանները, էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերը:
Իր որոշումով կառավարությունը պաշտոնապես հաստատեց ՀԿԵ ՓԲԸ-ի որպես Հայկական երկաթուղու կոնցեսիոների /կառավարչի/ կարգավիճակը, և Ընկերությունն օգտվելու է ԱԱՀ ու եկամտահարկի գծով արտոնություններից:
Հիշեցնենք, որ ՀԿԵ-ն բազմաթիվ անգամ հայտարարել էր «կոնցեսիոն գործունեություն» և «կոնցեսիոն պայմանագիր» հասկացությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին: Ընկերությունն արդեն ներկայացրել է կառավարությանը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոություններ կատարելու մասին իր առաջարկությունները: ՀԿԵ-ն առաջարկում է օրենսգրքում ներառել նոր գլուխ, որը կկարգավորի կոնցեսիոն պայմանագրերը և կոնցեսիոն գործունեությունը:
Այս մասին հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը։