Եթե ձյունը առատ լինի, բերքն էլ առատ կլինի (տեսանյութ)
Վերջին օրերին Երեւանում տեղացող ձյունը ոգեւորոել է գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
«Ջրային պաշարները ավելի շատ են լինելու, մեր ջրամբարները լիքը կլցվեն եւ ընդհանրապես, ձյունը մաքրություն, առատություն, երջանկություն, ամեն ինչ բերում է իր հետ եւ ես շատ ուրախ եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղնախարարը։
Սերգո Կարապետյանը վստահ է, որ այս տարի գյուղատնտեսական խնդիրներն ավելի քիչ կլինեն, եթե տեղումներն առատ լինեին: Ինչ վերաբերում է անցած տարվա արդյունքներին, Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ բուսաբուծության, պտղաբուծության եւ բանջարաբոստանային ոլորտում հաջողութուներ են ունեցել։
Անասնաբուծության ոլորտում աճ ապահովելու համար, ըստ նախարարի, այս տարի մտադիր են եվրոպական երկրներից ներկրել 500 մթերատու երինջ: Պարոն Կարապետյանն ասաց, որ մեր կովերը ոչ բարձր կաթնատվություն ունեն, ոչ էլ մսատու են։
«Մեկ կովի միջին կաթնատվությունը կազմում է 2000 լիտր, որը շատ ցածր է, երբ համեմատում ենք մյուս երկրների հետ»,- նշեց նախարարը։
Խոստովանելով, որ կովեր ներկրելը ելք չէ, գյուղնախարարը որոշել է. «Կազմակերպելու ենք արհեստական բեղմնավորման գործը»։
Նախարարի խոսքերով՝ այս տարի կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու տնտեսավարողների գործունեությունը՝ նրանց մատչելի պայմաններով վարկավորելու են, տրամադրվելու է ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ։
Իսկ ի՞նչն էպատճառը, որ այսօր գյուղերը դատարկվում, գյուղցին այլեւս չի ցանկանում հող մշակել,- հարցին գյուղնախարարը պատասխանեց. «Մարդկանց որոշելու գործն է, բայց ինչ վերաբերում է, որ գյուղացին իր հողը չի մշակում, այդպիսի բան չկա։ Անցյալ տարվա օրինակը ձեզ բերեմ, մի պարզ օրինակ, հացահատիկի արտադրության ոլորտում 19 հազար հա ավել ցանքեր մեկ տարվա ընթացքում, որ կատարվել է, շատ մեծ առաջընթաց է մեզ համար»։
Նախարարը նաեւ տեղակցարեց, որ այս տարի Երեւանում կկազմակերպվի 3 գյուղատնտեսական բացօթյա շուկա։ Անցած տարի մեկն էր։ Նախարարը, սակայն, դեռ չգիտեր, թե քաղաքի հատկապես ո՞ր մասում են կազմակերպելու այդ շուկաները։
Ի դեպ, լրագրողներն այսօր նկատեցին, որ ՕԵԿ անդամ գյուղատնախարարի կրծքից բացակայում էր կուսակցական նշանը եւ հետաքրքրվեցին՝ ինչո՞վ պայմանավորված։
«Ոչ մի բանով էլ պայմանավորված չի, դրանով չեն որոշում մարդու աշխատանքը»,- նետեց գյուղնախարարը։