Oբաման Հայաստանի փողը կկտրի՞
Բարաք Օբաման կոչ է արել 2013-ի ԱՄՆ բյուջեի նախագիծում 19 տոկոսով կրճատել Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության չափը:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի մամուլի հաղորդագրությունը վկայում է, որ Օբաման Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում առաջարկել է 2013 թվականին 27 մլն. 219 հազար դոլար օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը 32 տոկոսով քիչ է 2012-ի բյուջեով նախատեսված տնտեսական օգնության չափից։ 2012-ին ԱՄՆ-ն Հայաստանին հատկացրել է 40 մլն դոլար:
Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ 2013 թվականին կրկին կրճատվել է Թմրանյութերի միջազգային վերահսկողության և իրավապահ համակարգի զարգացման ծրագրի շրջանակում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 2 մլն 824 հազար դոլար օգնությունը, ինչպես նաև առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում նախատեսված 2 մլն 500 հազար դոլար օգնությունը:
«Եթե այդ երկու կետերով նշված գումարը ավելացնենք Հայաստանին ուղղված տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում առաջարկվելիք 27մլն 219 հազար դոլարի օգնությանը, ապա Հայաստանանի համար նախատեսված ֆինանսական օգնության ընդհանուր չափը կկազմի 32 մլն 543 դոլար, ինչը փաստորեն 19 տոկոսով քիչ է 2012 և 2013թթ. հատկացված օգնության չափից»,-գրված է հաղորդագրության տեքստում:
«Մենք տխուր ենք, բայց զարմացած չենք, որ Օբաման ևս մեկ անգամ փորձում է կրճատել Հայաստանին ուղղված տնտեսական օգնության չափը, չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին և Վաշինգտոնի տարածաշրջանային նախաձեռնություններին Հայաստանի աջակցությանը»,-հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ինչ վերաբերվում է ռազմական աջակցությանը, ապա Օբամայի վարչակազմն առաջարկել է Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) և Միջազգային ռազմական կրթության և ուսուցման (IMET) շրջանակում Հայաստանին և Ադրբեջանին հավասարաչափ օգնություն տրամադրել` 2.7մլն դոլար՝ FMF-ի շրջանակում և 600 մլն՝ դոլար IMET-ի շրջանակում:
ԱՄՆ 2013թ. բյուջեի նախագծում ոչինչ չի ասված Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության մասին: Իսկ Հարավային Կովկասի երկրներին առաջարկվող օգնության չափը՝ ստորեւ.
1.Տնտեսական օժանդակության հիմնադրամի շրջանակում.
Հայաստան՝ $27,219,000
Ադրբեջան` $11,029,000
Վրաստան` $42,660,000
2. Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում.
Հայաստան` $2,700,000
Ադրբեջան` $2,700,000
Վրաստան` $14,400,000
3.Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում.
Հայաստան` $600,000
Ադրբեջան` $600,000
Վրաստան` $1,800,000
4. Թմրանյութերի միջազգային վերահսկողության և իրավապահ համակարգի զարգացման ծրագրի շրջանակում
Հայաստան` $2,824,000
Ադրբեջան` $1,226,000
Վրաստան` $4,000,000
5. Առողջապահության համաշխարհային ծրագրերի շրջանակում.
Հայաստան` $2,500,000
Ադրբեջան` ---------
Վրաստանն` $4,000,000
Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում Օբաման առաջարկել է Թուրքիային հատկացնել 3,6 մլն դոլար:
2011թ. դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը հաստատեցին 2012 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության նախագիծը, ըստ որի՝ Հայաստանին ուղղված ֆինանսական օգնության չափը կազմում էր 40 մլն դոլար (2011-ին նույնպես Հայաստանին հատկացվել էր 40 մլն դոլար), Ադրբեջանի համար նախատեսված օգնության չափը կազմել է 16,6 մլն, իսկ Վրաստանին՝ 66 մլն դոլար։
Կոնգրեսը «նախորդ տարիների օգնության չափով» ֆինանսական օգնություն էր տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ տարեկան մոտ 2 մլն դոլար։
Հավելենք, որ Օտարերկրյա ռազմական ֆինանասավորման շրջանակում 2012-ին Օբաման առաջարկել էր Ադրբեջանին և Հայաստանին հատկացնել 3-ական մլն դոլար։ Միջազգային ռազմական կրթության և դասընթացների համար Ադրբեջանին հատկացվել էր 900 000 դոլար, իսկ Հայաստանին՝ 450 000։