Կրպակները տեղադրվելո՞ւ են
Բնապահպան ակտիվիստները Մաշտոցի պողոտային հարակից պուրակում կրպակներ տեղադրելու որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով քիչ առաջ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։
Ակտիվիստների հետ միասին քաղաքապետի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ԱԺ պատգամավորներ։
«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրել է, որ հանդիպումն առանձնապես արդյունավետ չի եղել եւ ակտիվիստները քաղաքապետից ստացել են ոչ բոլոր հարցերի պատասխանները։
Պարզվել է, որ կրպակները պուրակում տեղադրելու նախագիծն իրականացնում է հենց քաղաքապետարանը, բայց, ինչպես նշել է Անահիտ Բախշյանը՝ ոչ իր բյուջեի գումարներով։ Իսկ ի՞նչ գումարներով,-հարցին պատասխան չի հնչել։
«Կրպակները կանաչ տարածքում տեղադրելու գաղափարը քաղաքապետի սրտով էլ չէր, բայց իմ տպավորությամբ, ինքն այլ ելք չունի»,- ասել է Անահիտ Բախշյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ քաղաքապետարանը փորձելու է հաշվի առնել բնապահպանների առաջարկները, սակայն կրպակներն, այնուամենայնիվ, տեղադրվելու են։