Օբաման չի՞ վստահում ՀՀ իշխանություններին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է 2013 թվականին ԱՄՆ բյուջեից Հայաստանին հատկացնել 32 մլն 543 հազար դոլար, ինչը 19 տոկոսով քիչ է 2012-ին տրամադրված գումարից:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ այս կրճատման պատճառներից մեկը ԱՄՆ ֆինանսատնտեսական բարդ կացությունն է։
«ԱՄՆ պետական պարտքը հասել է 15 տրիլիոն դոլարի, եւ Օբամայի վարչակազմը որոշել է տնտեսել»,- նշեց նա։
Հիմնական պատճառը, սակայն, տնտեսագետը համարում է Հայաստանի իշխանության իրականացրած տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների արդյունավետության նկատմամբ ԱՄՆ վարչակազմի անվստահությունը:
«Երբեւիցե Հայաստանին տրվող օգնությունը միայն տնտեսական չի եղել։ Տնտեսական օգնության տակ միշտ ավելի կարեւոր է եղել քաղաքականը, եւ տնտեսական օգնության նպատակը եղել է նա, որ քաղաքական բարեփոխումներ տեղի ունենան։ Սակայն բոլորն էլ տեսնում են, որ պետական մարմինների հռչակած տնտեսական հաջողությունները հաճախ անհիմն են։ Հենց պետական վիճակագրությունն էլ արձանագրում է, որ աղքատությունը աճել է մինչեւ 36 տոկոս», - նշեց Վահագն Խաչատրյանը։
Տնտեսագետը կարծում է, որ ամերիկյան հասարակության համար կարեւոր է, թե որքանով է ամերիկացի հարկատուների գրպանից հատկացվող օգնությունը հասնում իր նպատակին։
«Նույն ամերիկյան օգնության միջոցներից գումարներ են ներդրվում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց տենում ենք, որ վիճակը չի փոխվում։ Ամերիկյան հարկատուները, որոնց թվում նաեւ մեր հայրենակիցներն են, այս հարցն են տալիս. ինչո՞ւ ենք մենք կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներվ գումարներ հատկացնում, բայց Հայաստանւմ կռուպցիայի չափսերը գնալով մեծանում են, ինչը արտացոլվում է «Տրանսփարենսի ինտերնեյշնըլ» կազմակերպության տվյալներում»,- նշում է պարոն Խաչատրյանը։
Իսկ այն, որ Օբամայի վարչակազմը որոշել է Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար չափով ռազմական օգնություն տրամադրել, ըստ Վահագն Խաչատրյանի, մեկ բան է վկայում՝ Սպիտակ տունը ցանականում է ԼՂ հիմնախնդրում հավասարության նշան դնել Հայաստանի եւ Ադբեջանի միջեւ:
«Հասկանալի է, որ համեմատությունը տեղին չէ, որովհետեւ Ադրբեջանի տնտեսական պոտենցիալը գնալվ աճում է, եւ տարբերությունը, ցավոք սրտի, ի օգուտ մեզ չէ, բայց ամերիկացիները ուզում են սրանով շեշտել, որ նպատակ չունեն որեւէ կողմի համար հաղթանակ կամ պարտություն ապահովել», - ասաց պարոն Խաչատրյանը։
Նրան մտահոգում է այն փաստը, որ առաջարկված փաթեթում ընդհանրապես բացակայում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք օգնության հոդվածը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ 2012-ի բյուջեում առանձին հոդվածով ԼՂՀ-ին 2 մլն դոլար օգնություն է հատկացվել։ Ըստ Վահագն Խաչատրյանի, այս հարցում այնքան գումարի մեծությունը չի կարեւոր, որքան այն փաստը, որ ԼՂՀ-ն փաստորեն որպես առանձին սուբյեկտ չի ընկալվում։
Տնտեսագետի համոզմամբ, Հայաստանի համար եվրոպական եւ ամերիկյան կառույցների կողմից տրամադրվող օգնության ծավալները դեռ կարող են վերանայվել՝ կախված մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների որակից։ Ըստ նրա, ընտրություններից հետո Հայաստանի դոնոր երկրների հատուկ համաժղով տեղի կունենա, որտեղ հնարավորություն կտրվի Հայաստանի իշխանություններին ներկայացնել որոշակի ներդրումային ծրագրեր։