Սառույցն ու սերը
Սառցակալած մայթից սառցակալած փողոց գլորվելով՝ վազում ես ժամադրության,ուր քեզ սպասում է մեկը՝ ձեռքին մեծ սիրտ։ Փուչիկները, կոնֆետներն այսօր մի նպատակով էին օգտագործվում՝ ստեղծելու սիրտ, որով սիրահարները մեկմեկու շնորհավորում էին Սուրբ Վալենտինի տոնի առիթով։ Տոնը կաթոլիկ եկեղեցու տոնացույցում է,բայց հայ երիտասարդներն առիթը բաց չէին թողել նաեւ այս օրը սիրո խոստովանություն անելու։
Չնայած ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանում տոնում էին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը՝ ընդ որում երկրի առաջին դեմքի հովանու ներքո, սիրահարներն այսօր էլ պակաս ակտիվ չէին. սրճարաններում ազատ տեղ չկար, իսկ ծաղիկները, քաղցրավենիքը, փուչիկները, խաղալիքները այսօր ամեանավաճառվողն էին։
Այսօր ամենից շատ մի արտահայտություն էր հնչում՝ ես քեզ սիրում եմ։ Ու ոչինչ, որ այդ ասելու համար անգամ ընկած լինես սառույցի վրա ու մի կարգին նյարդայնացած՝ կեղտոտ ձնակույտի վրայով ցատկելիս։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի