Հաշմանդամ երեխաներին ավելի լավ պայմաններ են անհրաժեշտ
Էդիտա Բադասյան, Կովկաս
Հաշմանդամ երեխաների ծնողները մեղադրում են Վրաստանի կառավարությանը իրենց ոչ բավարար աջակցություն տրամադրելու մեջ եւ պնդում, որ ստացած պետական օգնությունը ոչինչի չի բավականացնում:
Կարինան, ով խնդրեց չհրապարակել իր ազգանունը, միայնակ մայր է. նրա որդին`5-ամյա Գեորգին տառապում է մանկական ուղեղային կաթվածով, որը ձեռք է բերել ծննդաբերության ժամանակ ստացած վնասվածքի հետեւանքով:
Քանի որ նման երեխաների խնամքի համար նախատեսված հատուկ կառույցներ չկան, մայրը Գեորգիին տանում է սովորական մանկապարտեզ եւ ողջ օրն անցկացնում է երեխայի հետ:
Կարինայի խոսքերով`80 լարի (մոտ 50 դոլար) ամսական պետական նպաստով կարողանում է հոգալ իր երեխայի խնամքի համար անհրաժեշտ ծախսերի միայն 1/3-ը:
«Գեորգիին ամենօրյա մերսում է հարկավոր, բացի այդ, նրա գոյատեւման համար կարեւոր տարբեր սարքավորումներ են պետք, որոնք շատ թանկ են եւ դժվարությամբ են ճարվում: Դոգոմիում գտնվող մանկական հիվանդանոցում մերսում, լեզվական թերապիա եւ հոգեթերապիա ներառող 20-օրյա բուժումն արժե 154 լարի: Սա բուժման ամբողջական արժեքի քառորդ մասն է, մնացածը վճարում է պետությունը: Բայց այն տարեկան ընդամենը 3-անգամյա բուժման համար է վճարում, իսկ դա չափազանց քիչ է», - ասում է նա:
«Ինչպե՞ս կարող եմ երեխային խնամել ստացածս 80 լարիով: Ամեն ինչի համար պետք է վճարել: Անգամ բժշկի կողմից տրվող հասարակ ուղեգիրն արժե 30 լարի», - դժգոհում է Կարինան:
Գեորգին, մյուս բոլոր քրոնիկ հիվանդների նման, պետք է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ բժշկական հանձնաժողովի ստուգման ենթարկվի, որպեսզի նրա` հաշմանդամի կարգավիճակը հաստատվի:
«Որպես մայր, բնականաբար, հուսով եմ եւ հավատում եմ, որ իմ որդու վիճակը կբարելավվի: Սակայն ինչո՞ւ են բժիշկները, որոնք 100 տոկոսով վստահ են, որ որդիս չի բուժվի, ստիպում մեզ երկու տարին մեկ այդ հանձնաժողովին ներկայանալ», - տարակուսում է Կարինան:
Անկախ կյանքի կենտրոն հանդիսացող «Anika»ՀԿ-ի ղեկավար Իրինա Ինասարիձեն նշում է, որ այս ստուգումները դեռեւս պետական նպաստների վճարման համար անհրաժեշտ նախապայման են հանդիսանում:
«Կարծում եմ`այս համակարգում խտրական վերաբերմունքի դրսեւորումներ կան: Եթե երեխան, օրինակ, Դաունի սինդրոմով է տառապում, ապա նա հաշմանդամի կարգավիճակ կստանա միայն հինգ տարեկան հասակում: Սա ամբողջովին սխալ է: Ախտորոշումը կատարվում է անմիջապես երեխայի ծնվելու ժամանակ, սակայն ծնողներին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է միայն այն ժամանակ, երբ լրանում է երեխայի հինգ տարին», - հավելում է նա:
Ինասարիձեի կարծիքով`նպաստների համակարգը պետք է հիմնված լինի անհատական կարիքների վրա հիմնված մոտեցման, ոչ թե ձեւական դասակարգման վրա, սակայն իշխանությունները բացառում են նման պրակտիկան`այն չափազանց թանկ համարելով:
Վրաստանում շուրջ 150 հազար հաշմանդամներ են պաշտոնապես գրանցված, սակայն հաշմանդամ երեխաների վերաբերյալ առանձին տվյալներ չկան:
Վրաստանի առողջապահության նախարարության սոցիալական անվտանգության վարչության ղեկավար Ամիրան Դատեշիձեն նշում է, որ հաշմանդամների նպաստների վճարման համակարգը կբարելավվի, բայց չի փոփոխվի:
Այս նպատակով ձեռնարկվող քայլերից մեկը, նրա կարծիքով, կարող է լինել պետական բժշկական ապահովագրությունը հասանելի դարձնելը բոլոր հաշմանդամ երեխաների, եւ ոչ թե միայն որոշակի դասակարգման մեջ ընդգրկվողների համար: (տե´ս «Վրաստան. բժշկական ապահովագրությունն անհասանելի է անապահով խավին» հոդվածը):
«Այս պահին երեխաների նշանակալի մասը, ապրելով անապահով ընտանիքներում, օգտվում է ապահովագրությունից: Պետական կառույցներում բնակվող բոլոր երեխաները նույնպես օգտվում են ապահովագրությունից», - պարզաբանում է Դատեշիձեն:
Անցյալ նոյեմբերին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) իր հրապարակած զեկույցում կոչ արեց Վրաստանին ավելացնել հաշմանդամ երեխաներին տրամադրվող աջակցությունը:
«Հաշմանդամ երեխաներին խնամող ընտանիքներին աջակցելու, նրանց լքվածությունը կանխարգելելու եւ խայտառակության խարանը վերացնելու համար ջանքերը կրկնապատկելը հրատապ անհրաժեշտություն է», - նշվում է զեկույցում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) նաեւ խորհուրդ է տվել ավելացնել երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների թիվը, ապահովել, որպեսզի բոլոր հիվանդ երեխաների ընտանիքները, անկախ եկամուտի չափերից, պետական աջակցություն ստանան, ինչպես նաեւ երեխաներին հաշմանդամի կարգավիճակ տրամադրել մանուկ հասակից:
Փորձագետները կոչ են անում բարեփոխումներ կատարել ոչ միայն հաշմանդամների բժշկական խնամքի ոլորտում, այլ նաեւ բարելավել նրանց կրթության համար անհրաժեշտ պայմանները:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը իր հերթին կոչ է արել փոփոխություններ կատարել կրթական օրենսդրության մեջ, որպեսզի բոլոր դպրոցները հասանելի դառնան հաշմանդամ երեխաների համար:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո խոսնակ Անա Արգանաշվիլու խոսքերով`այս խնդիրը լուծելու համար դեռեւս երկար ճանապարհ պետք է անցնել:
«Իրադրությունը, իհարկե, չի կարող միանգամից փոխվել: Այս պահին ողջ Վրաստանում հաշմանդամ երեխաների համար նախատեսված դպրոցների թիվը չի գերազանցում 20-ը: Սակայն նույնիսկ այս դպրոցներն են բազում խնդիրների առջեւ կանգնած. անցյալ տարի երեխաները որոշակի օրերին չէին կարողանում դպրոց գնալ, քանի որ նրանց տանող ավտոբուսի բենզինը վերջացել էր», - ասում է նա:
Լիա Կիլասոնիան Թբիլիսիի համար 21 դպրոցում դասավանդող ուսուցչուհի է, որի պատասխանատվության տակ 25 հաշմանդամ երեխաներ կան: Այս դպրոցը առաջին հանրակրթական կառույցներից մեկն է եղել, որն ի վիճակի էր ընդունել հաշմանդամ երեխաներին:
Կիլասոնիան նշում է, որ իր նման մասնագետներին սովորական ուսուցիչների համար նախատեսված աշխատավարձի չափով են վճարում, ինչը զսպիչ գործոն է հանդիսանում մյուս մասնագետների համար:
«Այս ամենի արդյունքն այն է, որ երիտասարդները կորցնում են հաշմանդամ երեխաների ուսուցիչ դառնալու շարժառիթները, եւ Վրաստանում որակյալ մասնագետների պակաս է նկատվում: Մեզ նաեւ հատուկ գրքեր են անհրաժեշտ», - ասում է նա:
Հաշմանդամ երեխաների`դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակելու հեռանկարը համարյա անհաղթահարելի արգելքների է բախվում:
«Եթե ընկերներիս օգնությունը չլիներ, ես երբեք չէի կարողանա կրթություն ստանալ», - բարձրագույն կրթություն ստանալու իր փորձն է վերհիշում հաշմանդամների իրավունքների համար պայքարող ակտիվիստ Ռաթի Իոնաթամիշվիլին: - «Յուրաքանչյուր հաշմանդամի համար բարձրագույն կրթություն ստանալը անիրատեսական նպատակ է: Չեմ ժխտում`կրթության վերաբերյալ օրենքը սահմանում է, որ բոլորը կրթություն ստանալու հավասար իրավունքներ ունեն: Սակայն երբ կառույցներում համապատասխան պայմաններ չկան, նրանք ինքնըստինքյան հրաժարվում են ընդունել հաշմանդամներին»:
Էդիտա Բադասյանը «Ekho Kavkaza» ռադիոկայանի լրագրող է: