Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երրորդ տարբերակ չկա

Հասարակություն
69c74dccb9e1e0f64cfd0f467abef7c9

«Մելտեքս» ՍՊԸ-ն, եթե մերժվի վճռաբեկ դատարանում, դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան,- տեղեկացնում է «Ա1+» ՀԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Նախորդ շաբաթ առաջին ատյանի դատարանը մերժել էր «Ա1+»-ի հերթական հայցը։ 2002թ ի վեր «Ա1+»-ը պայքարում է եթեր վերադառնալու համար:

«Անպայման դիմելու եք Եվրադատարան, որովհետև ես կիսատ գործ չեմ սիրում և 2-րդ՝ եթե կա մի վճիռ, որն ի կատար չի ածվել, պետք է վերջաբան ունենա. կամ պետությունը պետք է հայտարարի, որ չի կատարելու 2008թ-ի՝ Եվրոպական դատարանի պահանջը, կամ էլ պետք է կատարի։ 3-րդ տարբերակը, որն ընտրել էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, հայտարարելով, թե «ցանկանում է եթերը զերծ պահել կեղծիքից»,չի աշխատի»,-ասաց Մեսրոպ Մովսեսյանը:

«Ա1+»-ի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը համոզված է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կլինի դիվանագիտական:

«Վճռաբեկ դատարանը կփորձի փիլիսոփայել, հղում կանեն անգամ եվրոպական նախադեպերին, կփորձեն իրենց մերժման որոշումը ձևակերպել այնպես, որ ունենա ժողովրդավարական պետության դատական համակարգի որոշման տպավորություն, բայց միևնույն է՝կա մեկ խնդիր եւ մեկ հարցը, որի պատասխանը մենք չենք ստացել, մրցութային վեց չափորոշիրչներից ինչո՞ւ է գնահատվել միայն մեկը եւ դրա պատասխանը կապացուցի, կայացել է մեր դատական համակարգը, թե ոչ »,- «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց Տիգրան Տեր-Եսայանը:


2008 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվրոպական դատարանը համարել է, որ «Ա1+»-ի եթերազրկմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածը. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Այս իրավունքը, անկախ պետական սահմաններից եւ առանց պետական իշխանության միջամտության, երաշխավորում է սեփական կարծիքն արտահայտելու եւ տեղեկատվություն ու գաղափարներ տարածելու ազատությունը»։

2010թ. դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային հանձնաժողովը որոշել էր «Ա1+»-ին զրկել եթեր վերադառնալու հնարավորությունից: Այս որոշմամբ «Ա1+»-ը պարտվող է ճանաչվել թվային հեռարձակման N11 մրցույթում, քանի որ նրա ներկայացրած ֆինանսական միջոցները ոչ հավաստի են համարվել: ՀՌԱՀ-ը մրցույթում հաղթող է ճանաչել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: