Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ-ում մահացածի գործով դատը կվերսկսվի

Հասարակություն
c60d7037639bee6d9994792c06525be9

«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի գործով նշանակված է դատական նիստ։

Վաղը՝ փետրվարի 17-ին, ժամը 15:15-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) կկայանա «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Է. Մարուքյանի և Կ. Թումանյանի կողմից բերված բողոքի քննությունը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Գործի էությունը կայանում է նրանում, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հետեւյալ առիթով. «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010 թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս և «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010 թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:

Քրեական գործի նախաքննության ընթածքում պարզվել է, որ բուժվող Սլավիկ Ոսկանյանը մահացել է 2010 թ. հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

2011 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները ստացել են 2011 թվականի նոյեմբերի 12-ին, որից հետո որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:

2011 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին որոշում:

Հիշեցնենք, որ Human Rights Watche-ը իր 2011 թ. զեկույցի «Մահացության դեպքեր կալանավայրերում» բաժնում անդրադարձել է նաև Սլավիկ Ոսկանյանի գործին, որտեղ մասնավորապես նշվում է. «Կալանավայրերում չբացահայտված հանգամանքներում մահացության դեպքերը նույնպես բացասաբար են ազդում մարդու իրավունքների հայաստանյան ցուցանիշների վրա: 2010 թ. հոկտեմբերին Վանաձորում նախնական կալանքից երկու շաբաթ անց մահացավ ոստիկանության սպայի մոր սպանության մեջ մեղադրվող Սլավիկ Ոսկանյանը: Նրա ընտանիքի պնդմամբ Ոսկանյանը մահացել է փտախտից (գանգրենա), որի պատճառ է դարձել կալանքի ընթացքում ստացված վերքի վարակումը և դրա ոչ պատշաճ բուժումը: Հարուցված քրեական գործը կարճվեց` եզրակացնելով, որ բանտային բժշկի անփութությունը պատճառ չի հանդիսացել Ոսկանյանի մահվան համար: Քննությունը երբեք չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հանգամանքներում է Ոսկանյանը ստացել նշված վերքերը, որոնք հանգեցրել են նրա մահվանը»:

Սլավիկ Ոսկանյանի գործը հանդիսանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնած ռազմավարական դատավարություններից մեկը: