«Արայ»-ի տիրոջը սպանե՞լ են (տեսանյութ)
«Հետքը» սենսացիոն բացահայտումներ է ներկայացրել «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի «ինքնասպանության» գործի վերաբերյալ:
«Հետք»-ը գրում է, որ երեկ երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում, «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցնելով դելֆինարիումի մերձակայքում գտնվող ավտոկայանատեղի հարեւանությամբ, երեխաներին տարել է դելֆինների մասնակցությամբ միջոցառում դիտելու:
Մոտ 2 ժամ անց՝ ներկայացման ավարտից հետո, մոտենալով ավտոմեքենային, Արմինեն դիմապակու վրա ծրար է հայտնաբերել: Նա սկզբում մտածել է, որ դա ինչ-որ գովազդային ակցիայի «հետեւանք» է, սակայն ծրարի մեջ եղել է խտասկավառակ. ,որի մեջ իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունն է եղել:
«Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղեւորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին»,- գրում է «Հետքը»:
Հիշեցնենք,որ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերեցին «Արայ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը՝ քունքի մասում հրազենային վնասվածքով: Նրա աջ ձեռքին եղել է «ՏՏ» մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:
Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ՝ «Ինքնասպանության հասցնելու» եւ «Ապօրինի զենք-զինամթերք կրելու» հատկանիշներով: