Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետն ասում է. այգին կանաչ գոտի չէ

Հասարակություն
ff63d4c07bcbc1c3be7c8bce3100704e

«Մաշտոցի պողոտային հարակից պուրակում կրպակների տեղադրումն իրականացվում է օրենքի սահմաններում եւ նախատեսված է Երեւանի գլխավոր հատակագծով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա համամիտ չէ բնապահպանների այն պնդումների հետ, թե Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները այգում տեղադրելու որոշումն անօրինական է: «Եթե անօրինականություն է, այն վիճարկելու համար պետք է դիմեն դատարան»,- խորհուրդ տվեց քաղաքապետը:

Հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետը չի արձագանքում բնապահպանների պահանջին եւ չի գնում պուրակ, իրենց հետ հանդիպելու, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես բոլոր բնապահպաններին ընդունել եմ, անձամբ լսել եմ, ու մենք միասին քննարկել ենք, բայց իրենք չեն ընդունում այդ պայմանները, չեն ընդունում, որ այնտեղ կանաչ գոտի չէ»:

Պարոն Մարգարյանը հավաստիացնում է, որ դեմ է կանաչ գոտու վերացմանը եւ ծառերը հատելու միջոցով «ինչ-որ կառույցներ տեղադրելու» գաղափարին: «Տաղավարները տեղադրվում են սալիկապատ տարածքում եւ ոչ մի ծառ չի հատվել»,- վստահեցնում է Երեւանի քաղաքապետը:

Մեր այն նկատառմանը. քանի որ այգին գտնվում է ծննդատան կողքին, մի՞թե ծննդաբերող կանանց ու նորածիններին անդորր եւ կանաչ տարածքներ չեն հարկավոր, Երեւանի քաղաքապետը պատասխանեց. «Սպասարկման տարածքներում ծառայություններն այնպես կսպասարկվեն, որ աղմուկ չլինի»: