Օրինագիծը «հետ է» ուղարկել Սամվել Նիկոյանը
Բլից- հարցազրույց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ:
-Պարոն Նիկոյան, ինչպես ստացվեց, որ առաջին ընթերցմամբ «Արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու մասին» օրինագիծն ընդունելուց հետո հանկարծ կառավարությունը որոշեց ետ կանչել օրինագիծը:
-Կառավարությունը հանկարծ չորոշեց, այլ երեկ մեզ մոտ քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում մենք ներկայացրինք այն փոփոխությունների եւ լրացումների առաջարկությունները, որոնք կարծում ենք, որ պետք է առաջին ընթերցմամբ քննարկվեն: Խորհրդակցեցի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ որոշեցինք ուղարկել օրինագիծը լրամշակման:
-Ովքե՞ր էին մասնակցում քննարկմանը:
-Ես, արդարադատության նախարարն ու փոխնախարարը, իրավաբանական վարչության ղեկավարն ու ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականը, ԱԺ քարտուղարության պետը։
-Իսկ հնարավոր չէ՞ր, որ այդ փոփոխություններն արվեին մինչեւ օրինագծի երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
-Բովանդակային որոշակի փոփոխություններ ենք առաջարկել, որոնք հարկ է քննարկել առաջին ընթերցման ռեժիմում:
-Այսինքն, ընդդիմության եւ փորձագետների մտահոգությունը 'բանակը ներքին խնդիրներում օգտագործելու վերաբերյալ, այեւս կարո՞ղ է վերանալ:
- Կարծում եմ՝ լրացուցիչ հստակեցման անհրաժեշտություն կա:
-Իսկ այդ որոշմանը դուք հանգել եք ընդդիմության եւ հասարակական հակազդեցության արդյունքում:
-Այդպիսի հակազդեցություն եղել է: Ես ներկա եմ եղել խորհրդարանում քննարկմանը ու տեղյակ եմ ընդդիմության մտահոգություններին. որոշները կիսում եմ, որոշները' ոչ: Բայց բավականին առաջարկներ արել ենք եւ վստահ եմ, որ լրամշակված տարբերակով օրինագիծն ընդունելի կլինի քաղաքական դաշտի համար:
Զրուցեց Դիանա Մարկոսյանը