Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թումանյանի տան տերն առայժմ Անանյանն է

Հասարակություն
73cfa4193d3fd3346255f5a36065d78c

«Ես ունեի փաստերը հավաքելու և գործարք կնքելու առաքելություն եւ արեցի։ Հաջորդ բոլոր փուլերին գրողների միությունը պիտի չմասնակցի։ Իմ կարծիքով, Թումանյանի բնակարանի հետագա ճակատագրի մասին պետք է մտածի մեր կառավարությունը կամ վիրահայոց թեմի առաջնորդը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

Նա երեկ երեկոյան է վերադարձել Թբիլիսիից, որտեղ գտնվում էր Վրաստանի իշխանությունների կողմից վաճառքի հանված հայ անվանի գրող եւ մտածող Հովհաննես Թումանյանի բնակարանը ձեռք բերելու նպատակով։

Հիշեցնենք, որ Թումանյանի բնակարանը վաճառվել է 145 հազար ԱՄՆ դոլարով։ Գումարը տրամադրել են Գյումրիի քանղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա եղբայրները։ Լեւոն Անանյանը նշեց, որ Ղուկասյան եղբայրներն այդ գումարը տրամադրել են զուտ բարեգործական նպատակով։

Գրողների միության նախագահը նշեց, որ Թումանյանի տունը ձեռք բերելու ժամանակ առաջ է եկել տան նկուղը (10 քառ. մետր) առանձին գնելու խնդիր, որի համար հայկական կողմի գումարը չի հերիքել։ Գործարքից հետո տունը ժամանակավորապես պատկանում է Հայաստանի գրողների միությանը։

«Ես մի բան հաստատ գիտեմ՝ տունը անպայման կրելու է Թումանյանի անունը։ Միգուցե դառնա հայկական գրադարան կամ հայկական մշակույթի կենտրոն դա արդեն հետագայի խնդիր է»,- ասաց Լևոն Անանյանը։

Լեւոն Անանյանը տեղեկացրեց, որ հայկական կողմը համաձայնության է եկել բանկարանի երկրորդ սեփականատիրոջ՝ Թումանայանի ծոռնուհի Ալյոնա Կալեսնիկովայի հետ, որը պատրաստ է զիջել իրեն պատկանող տան հատվածը, եթե համարժեք փոխհատուցում կամ ավելի ստույգ՝ այլ բնակարան հատկացվի իրեն։