Բնապահպանները չեն հեռանում այգուց (տեսանյութ)
Բնապահպաները ոչ ոքի չեն վստահում եւ չեն պատրաստվում լքել Մաշտոցի պողոտային հարող այգին: Արդեն 14 օր է, նրանք հերթափոխով հսկում են այգին, որպեսզի չտեղադրվեն Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրի կրպակները:
Բողոքի ակցիաները նրանք պատրաստ են դադարեցնել միայն այն դեպքում, երբ Քաղաքապետարանը իրավական որոշում կայացնի այգում շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին:
Երեկ երեկոյան գրող, հրապարակախոս, Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարել էր, թե. տեղի է ունեցել քաղաքաշինության խորհրդի նիստ և որոշվել, որ տաղավարները Մաշտոցի պուրակում չպետք է կառուցվեն:
«Մենք չենք վստահում այդ հայտարարությանը ու ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա այդ մասին»,- «Ա1+»-ին ասաց բնապահպան-ակտիվիստ Միհրան Մարգարյանը:
«Գուլանյանի խոսքերին հավատալ- չհավատալ չկա, փաստն այն է, որ հիմա ոչ մի բան չեն քանդում, ոչ մի բան չեն անելու, ես էլ առավոտյան հարցրել եմ շինարարության ղեկավարին, նա ասել է՝ տենց հրաման չկա, տենց բան չկա»,-ավելացրեց ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Մինչ այգու ճակատագրի վերաբերյալ իրենց բավարարող փաստաթղթի հրապարակումը, բնապահպան-ակտիվիստները պատրաստվում են երեւանցիներին ցույց տալ, թե ո՞րն է հանրային այգու նշանակությունը:
«Ինչքան մենք այստեղ շատանանք, այնքան մեր հաղթանակն ավելի շուտ հասանելի կլինի: Այսօր կազմակերպելու ենք մի շարք միջոցառումներ և հանդիպումներ»,-«Ա1+»-ին հայտնեց բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը։