Որտե՞ղ են «Դրախտի» դռները
Հարցազրույց «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի հետ
- Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա Հայաստանի ներքաղաքական գործընթացները։
- Ես միշտ հավատացել եմ, որ բանական մարդն օժտված է տրամաբանությամբ եւ իր տեսակի ու շրջակա միջավայրի նկատմամբ մեծ սեր ու հարգանք դրսեւորելու շնորհքով։
Համենայնդեպս, այս արժեքներով դաստիարակված իմ սերունդն ու իմ շրջապատը հանգիստ ու հարմար է ապրել դրանց շնորհիվ։
Միշտ մտածել եմ, որ մարդն այսօր չի կարող նահանջել այդ արժեքներից, քանի որ ժամանակի պահանջն այլ է։
Բայց արի ու տես, որ կյանքի հարուստ փորձն ու դաստիարակությունը բավարար չեն հասկանալու համար այն, ինչ տեղի է ունենում իմ շուրջը, ինչն անընդհատ զարմանք է հարուցում։
Վերջին տարիներին ամեն առավոտ ես արթնանում եմ «Կապիկների մոլորակում», իրենց «ինքնիշխան» երեւակայող ձեռնասուն շիմպանզեների եւ այլասերված գորիլաների շրջապատում, որոնք հանկարծակի օժտված լինելով իրենց «օրենքները» թելադրելու «իրավունքով», չեն էլ նկատում, որ ոչ ոք չի նկատում ու չի տեսնում իրենց։
Նրանց գոհացնում է միայն այն գիտակցումը, որ դեռ կան, դեռ կարող են միմյանց փոխանցել օճառե պղպջակներ, թեպետ հասկանում են, որ ժամանակավոր են, եւ պղպճակները շուտով կպայթեն։ Եվ այն, ինչ կատարում են այսօր, նրանց վաղվա օրվա վախճանն է վկայում։
Սա հասկանում է յուրաքանչյուր ողջամիտ մարդ։ Ու այդ պատճառով առաջնորդվելով անսպառ հումորով, նախանձելի համբերատարությամբ, առողջ ու կշռադատ մարդկային տրամաբանությամբ, նրանց ուղեկցում ենք դեպի իրենց վաղվա վախճանը։ Սա է այսօր տեղի ունեցող դեպքերի իմ գնահատականը եւ անխուսափելի ապագայի իմ սպասումը։
-Իսկ չե՞ք կարծում, որ այդ գործընթացը ձգձգվում է։ Չէ՞ որ ժամանակը հոսում է։
-Իհարկե, ոչ բոլորն են այժմ 21-րդ դարում, չեն հասցրել քայլել ժամանակի հետ։ Թեպետ... ո՞վ է նրանց թույլ տալիս մտնել նոր դարաշրջան։
Պարզապես ցավալի է, որ փոքրաքանակ այս «գորիլաների եղբայրությունը» ջանում է արգելակել ողջամիտ մարդկանց առաջխաղացումը, ուզում են ամեն ինչ նետել վաղուց հաղթահարված միջնադարյան խավարի գիրկը։
Թեպետ ապարդյուն։ Ոչ ոք ի զորու չէ շրջելու Պատմության անկասելի ընթացքը։ Որքան էլ փորձեն բետոնապատել կանաչ մարգերը, որքան էլ փորձեն աղավաղել ողջամիտ մարդկանց քաղաքի ու երկրի դեմքը, մեկ է՝ պատմությունը սրընթաց առաջ է մղում ամեն ինչ, նաեւ՝ կապիկներին։
- Լրագրության ոլորտում որեւէ առաջընթաց զգո՞ւմ եք։ Չէ՞ որ Հայաստանում Խոսքի ազատության խնդիրը դեռ օրակարգում է, եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում Մամուլում, չի կարելի անվանել ժողովրդավարական գործընթաց։
- Նախ, եկեք պարզենք, թե ի՞նչ Ժողովրդավարական գործընթացների մասին է խոսքը։
Մի երկրում, որտեղ մարդկանց գնդակահարում են միայն այն բանի համար, որ նրանք մասնակցել են խաղաղ ցույցերին, որտեղ ծեծի են ենթարկվում պրոֆեսիոնալ լրագրողներն ու օպերատորները՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար, մի երկրում, որտեղ լրատվամիջոցները համառորեն լռում են փողոցներում ոստիկանության ձեռնարկած ապօրինությունների մասին, որտեղ Արդարադատության հետ աղերսներ չունեցող դատավարություններ են իրականացվում, դժվար է խոսել Ժողովրդավարական գործընթացների մասին։
Ցանկացած երկրում, ցանկացած քաղաքում, ցանկացած գյուղում ցանկացած գործընթաց կարող է զարգանալ միայն շնորհիվ Խոսքի եւ Մամուլի։
Մամուլն է զարգացման գործընթացի ուղենիշը, Մամուլն է զարգացնում գաղափարներ ու մարդկանց ուղորդում դեպի այդ գաղափարները. Չէ՞ որ «Ի սկզբանե բանն էր...» եւ միայն Բանը՝ խոսքն է մեզ (եւ որքան էլ զարմանալի թվա, նաեւ կապիկներին) բերել դեպի մեր նպատակները։
Որպես կանոն, պատմությունը պահանջում է դրական ելքեր։ Բայց մեզ մոտ առայժմ ամեն ինչ հոսում է բացասական նշանների ներքո, այսինքն՝ դեպի այլասերում։
Երբ երկրում տեղի է ունենում Մամուլի կեղծակերպում, այն էլ՝ բոլոր խաչմերուկներում «Խոսքի ազատության» առկայության մասին լկտի ու հիստերիկ հայտարարություններով, ողբերգություն է երկրի ու քաղաքացիների համար։
Այս կեղծակերպումը երկիրը տարել է դեպի փակուղի, այս հիստերիկ պահվածքը փակել է դեպի բաց Աշխարհ տանող դուռ ու լուսամուտ, ողջամիտ մարդկանց զրկել է իրենց տեսակի հետ շփվելու հնարավորությունից, նրանց ետ մղել դեպի այլասերված գորիլաների եւ շիմպանզեների մակարդակը։
Սա է նրանց պատկերացրած Դրախտը, ուր ուզում են ընկնել դեռ կենդանության օրոք եւ վայելել ձեռքի տակ հայտնված ցանկացած բարիք՝ ինչպես կենդանի, ուզում են հրճվել իրենց ժառանգներով, որոնք լուռ կշարունակեն իրենց «հայտնի» նախնիների անցած ճանապարհը։
Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ Մամուլը չէ, որ սովորեցնում եւ ուղորդում է մարդկանց դեպի շիտակ ու ճշմարիտ ճանապարհը, իսկ մենք բոլորս պետք է օգնենք Մամուլին սթափվել ու գտնել ճիշտ ճանապարհը, որը մեր ողջ պատմության ուղենիշն է եղել։
Մենք մեր ողջ բանականությամբ պետք է հասկանանք, որ «Ի սկզբանե բանն էր...»։
-Ինչպե՞ս եք պատկերացնում Մամուլի դերը առաջիկա ԱԺ ընտրություններում։
Այնպես, ինչպես եղել է վերջին 15 տարիներին։ Որոշները կձեւացնեն, թե չգիտեն այն մասին, որ Հայաստանում տեղի են ունենում հերթական ընտրությունները, ուրիշները «անկեղծ» զարմանքով կարձանագրեն անսպասելի ու աներեւակայելի «արդար» ընտրությունների «փաստը»։
Իսկ այն լրատվամիջոցներին, որոնք ընդգրկված չեն գումարտակներում, կպարսավեն ու կգամեն Անարգանքի Սյունին։
Ինչպեսեւ վերջին 15 տարում, կհնչի վերամբարձ երաժշտություն, թեկնածուները կշռայլեն դատարկ խոստումներ ու կերդվեն «հավատարիմ լինել» ժողովրդին, կխոստանան երկրային «Դրախտ», Բաղրամյան փողոցի ասֆալտապատում՝ «բոլորի» համար, աղքատներին ու անտունիներին՝ բարձր թոշակներ ու բնակարաններ էլիտար նորակառույցներում, իսկ իրենց՝ «խեղճ» թեկնածուներին, ընտրվելու դեպքում բաժին կպահեն «սիրելի» ժողովրդի հանդեպ ունեցած պարտքը, հանուն որի նրանք «պատրաստ» կլինեն թողնել իրենց ծաղկուն բիզնեսը։