Համայնքները դեմ են պարտքերի ներմանը
«Հայաստանի համայնքների միության» հայտարարությունը՝
Հայաստանի համայնքները լրջորեն մտահոգված են ՀՀ Ազգային ժողովին ներկայացված «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի նախագծով, որի վերաբերյալ վերջին օրերին համայնքներից մտահոգիչ արձագանքներ են հնչում։
Բարձր գնահատելով և կիսելով նախագծի հեղինակների հետապնդած նպատակները, այնուամենայնիվ, այդ նպատակներին հասնելու օրենքի նախագծով առաջարկվող մեթոդները վիճելի են և էական ազդեցություն կարող են ունենալ համայնքների կենսագործունեության, բյուջետավորման գործընթացների, համայնքների ֆինանսական կարողությունների վրա։ Այս ամենից բացի՝ նախագծով անարդար և անհավասար նժարների վրա են բերվում բարեխիղճ և անբարեխիղճ հարկատուներին։
Օրենքի նախագծի ընդունումն առաջիկա տարիների համար էականորեն կարող է ազդել համայնքների կողմից հարկերի հավաքագրման ցուցանիշների վրա՝ առոչինչ դարձնելով համայնքների և կառավարության վերջին տարիների ջանքերն ու հաջողությունները համայնքների բյուջեների վարչարարության բարելավման ուղղությամբ։ Արտոնությունների կիրառումը վարակիչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ հարկատուների շրջանում։
Բացի այդ, զգալիորեն կնվազեն համայնքների բյուջեների եկամուտները։ Ուստի նման նախաձեռնության գնալով պետությունը պետք է փոխհատուցի համայնքների բյուջեների եկամուտների կորուստները։ Մինչդեռ, օրենքի նախագծով արտոնություններն առաջարկվում է կիրառել համայնքների բյուջեների հաշվին։
Վերը նշվածները հաշվի առնելով, հուսով ենք, որ ՀՀ Կառավարությունը և ՀՀ Ազգային ժողովը ձեռնպահ կմանան առաջարկված նախագծի հապշտապ ընդունումից։
«Հայաստանի համայնքների միությունը» առաջիկա օրերին կանցկացնի նաև վարչության հատուկ նիստ՝ նախագծի վերաբերյալ իր պաշտոնական կարծիքը ձևակերպելու նպատակով։