Սումգայիթի ջարդերի ականատեսները
Փետրվարի 27-ին, 28-ին եւ 29-ին Սումգայիթում հայերը ենթարկվեցին ջարդի: Պաշտոնական տվյալներիով, Սումգայիթում ջարդերին զոհ է դարձել 26 մարդ, ոչ պաշտանական աղբյուրները հայտնում են 100 եւ ավելի խոշտանգված ու սպանված հայազգի քաղաքացիների մասին:
1988-ի սումգայիթյան ջարդերի դաժան օրերից հետո շատ փախստականներ հարկադրված ապաստանեցին Սիսիանի շրջանի Շաքի գյուղում:
Ադրբեջանական խուժանից փախած եւ Շաքիում բնակվող 76-ամյա Սամվել Աբրահամյանն ու 80-ամյա Օլյա Զախարյանը ջարդերից 24 տարի անց էլ առանց արցունքի չեն կարողանում պատմել վայրագությունների մասին:
76-ամյա Սամվել Աբրահամյանը մտաբերում է` Սումգայիթում ջարդերից օրեր առաջ իրենց նորակառույց 13-րդ միկրոշրջան այցելեցին անծանոթ մարդիկ, որոնք փորձում էին ճշտել. Արդյո՞ք թաղամասում հայեր բնակվում են եւ ովքե՞ր են նրանք:
«Ամսի 25 էր: Խոհանոցի պատուհանից նայում եմ, մեկ էլ տեսնեմ՝ մի հատ շլապայով մարդ, ձեռքին մի պապկա, եկավ՝ կանգնեց ու շենքին ա նայում: Ասում ա՝ ըստեղ հայ կա՞։ Տի հարց ու փորձ ա անում, որ իմանա»,- պատմում է սումգաիթից մազապուրծ փախած Սամվել Աբրահամյանը:
Նա նկատել է, թե ինչպես բակում խաղացող երեխաները մատնացույց էին արել այն պատշգամբները, որոնք հայերին էին պատկանում:
Տեսել է, բայց կարեւորություն չի տվել: Մաթեմատիկայի ուսուցիչը 1988 թվականի փետրվարի 28-ին սովորականի պես դպրոց է գնացել, 8-րդ դասարանի աշակերտներին պետք է ստուգողական աշխատանք հանձնարարեր:
«Գնացել եմ, տեսել դպրոցի բակում ուսուցիչները խումբ-խումբ կանգնած, լաց են լինում: Դպրոցի դիրեկտրը կին էր, ադրբեջանուհի, հարցրեց թե. ո՞ւր ես գնում։ Ասացի՝ եկել եմ դասի։ Խաբար չունեի, որ էդքան ահավոր վիճակում ա քաղաքը»,- նշում է նա:
Սամվել Աբրահամյանին դպրոց չեն թողել, նա ռազմագիտության ուսուցչի` Ալբերտ Հայրապետյանի հետ տուն է վերադարձել:
Օլյա Զախարյանը նույնպես լուրջ չի վերաբերվել հարեւան ադրբեջանցիների հորդորին եւ մանկապարտեզ էր շտապել՝ երեխաներին տաք կերակուր պիտի պատրաստեր։ «Մի հատ տղա եկավ թա. Օլյա տոտա գնա տուն, որովհետեւ հայի եւ թուրքի կռիվն ա: Որ այս ճանապարհով գնաք, սպանվելու եք, ահա զինվորները կանգնած են, ռուսներն են եկել, գնացեք տուն»,- պատմում է 80-ամյա Օլյա տատը:
Օյլա Զախարյանը մանկապարտեզ հաճախող հայազգի 8 երեխաների հետ Սումգայիթի 6-րդ միկրոշրջանից հասել է իր բնակարան: Պատմում է, որ քաղաքը մռայլվել էր, մահվան հոտ էր գալիս: Խոհարար Օլյան անկարող է եղել պատասխանել երեխաների հարցերին՝ դիակներ, այս ու այն կողմ վազող, խուճապահար մարդկանց են տեսել:
«Կռիվ ա եղել, թունդ կռիվ: Զինվորները եթե եկած չլինեին, հիմա մեզ էլ կոտորած կլինեին»,- նշում է Օլյա տատը:
Այդ օրերեին Սումգայիթում բնակարանների փոխանակման գործակալություն էր գործում, ուր դիմել են ինչպես Սամվել Աբրահամյանի, այնպես էլ Օլյա Զախարյանի եւ Սումգայիում ապրող շատ այլ ընտանիքիներ: Փոխանակելով իրենց բնակարանները Հայստանում ապրող ադրբեջանցիների հետ, նրանք տեղափոխվել են Սիսիանի շրջանի Շաքի եւ Հայաստանի այլ գյուղեր:
Սումգայիթի եւ հետո՝ Բաքվի սպանդից մազապուրծ եղած շատ հայեր ապաստանեցին Շաքիում: Նրանցից շատերի համար խորթ էր գյուղական կյանքը, եւ լքեցին բնակավայրը: Հիմա Շաքիում Սումգաիթից տեղահանված 4 ընտանիք է ապրում: