Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ ակտիվիստներին մեղադրում են գույքը ջարդելու մեջ (տեսանյութ)

Հասարակություն
603e2a67b5b4d976cb10851c3843d0ee

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀԱԿ 7 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված գործից անջատված մասի քննությունը։

Այսօր դատարանին ցուցմունք է տվել ոստիկանության Կենտրոն բաժնի աշխատակից Իգոր Մեսրոպյանը, որը կազմել է 7 երիտասարդներին անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքից բերման ենթարկելու եւ խուզարկելու արձանագրությունը։

Հիշեցնենք, որ 7 ակտիվիստներին առաջադրված մեղադրանքից անջատված 4-ի մասով գործի քննության ընթացքում վկայություն են տալիս միայն ոստիկաններ։ Տուժածները նույնպես ոստիկաններ են։

Ինչպեսեւ նախորդ վկաները, Իգոր Մեսրոպյանը նույնպես հայտարարել է, որ չի հիշում դեպքի մանրամասները եւ խնդրել է հաշվի առնել իր նախաքննական ցուցմունքները։ Ըստ այդ ցուցմունքների՝ երիտասարդները ջարդել եւ շուռ են տվել ոստիկանության գույքը։

Այսօր Իգոր Մեսրոպյանը դատարանում ասել է, որ ոստիկանության գույքը ջարդելու մասին լսել է իր ընկերներից եւ ինքն անձամբ չի տեսել։

Դեպքից 8 օր անց, օգոստոսի 17-ին տված ցուցմունքի եւ այսօր դատարանում պատմածի միջեւ առկա հակասությունը դատավոր Գագիկ Պողոսյանին ստիպել է վկա-ոստիկանին հարցնել, թե ինչո՞վ է պայմանավորված այդ հակասությունը։ Իգոր Մեսրոպյանը պայմանավորել է վատ հիշողությամբ եւ խնդրել հաշվի առնել նախաքննական ցուցմունքը։

Նա այսօր ասել է նաեւ, որ բերման ենթարկելու պահին երիտասարդներից ոչ մեկի վրա մարմնական վնասվածք չի նկատել, թեպետ երիտասարդները պնդում են, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել։

Գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի (որի նկատմամբ խափանման միջոցն ընտրված է կալանքը) փաստաբան Վահե Գրիգորյանը դատավարությանը հետեւող «Ա1+»-ի լրագրողին ասել է, որ ոստիկանության միջանցքներում տեղադրված տեսախցիկները պետք է նկարահանած լինեին տղաներին բերման ենթարկելու գործողությունները եւ նշել, որ պահանջելու են տեսագրությունները, ոստիկանի ցուցմունքի հետ համեմատելու նպատակով։