Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանը՝ գերեզմանաքաղաք (տեսանյութ)

Հասարակություն
b37118689d8a960d29b78d55bddf26e9

Երեւանը ոչ թե համաշխարհային գրքի մայրաքաղաք է, այլ գերեզմանաքաղաք։ Այս կարգախոսով այսօր մի խումբ գրողներ եւ գրքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց:

«Գրքերի գերեզմանը ուրիշ ո՞նց եք պատկերացնում՝ փակ գրախանութի տեսքով»,- «Ա1+»-ին ասաց արձակագիր Հովիկ Չարխչյանը։

Կարգախոսը գրքերի ճակատագրով մտահոգ քաղաքացիները փակցրեցին երեւանցիների երբեմնի սիրելի «Անի» գրախանութի փակ դռներին եւ երթով շարժվեցին դեպի կառավարության շենքը՝ իրենց բողոքը վարչապետին հայտնելու համար:

2011թ. դեկտեմբերին «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանում 20 տոկոսով թանկացել են տպագիր հրատարակչությունների գները եւ վերջին 3 ամիսների ընթացքում գրքերի վաճառքը կտրուկ նվազել է:

Արձակագիր Սարգիս Հովսեփյանն այսօրվա միջոցառմանը մասնակցում էր մեկ ու կես տարեկան դստեր հետ: Նրան մեկ հարց էր հետաքրքրում.
«Երեխան ի՞նչ երկրում պետք է մեծանա, որտեղ գիրքն արհամարհվա՞ծ է, որ 4000 տարվա գիրքը «կալբասի» հե՞տ են համեմատում, այդպիսի՞ երկրում պետք է մեծանա»։

Հայագետ Արծվի Բախչինյանն էլ կանխատեսում է. «Հայ ժողովրդի համատարած անգրագիտացման այս քաղաքականությունը նոր բարձունքների կհասնի»։

Ընթերցասեր հասրակության եւ գրական հանրույթի ներկայացուցիչները վարչապետից պահանջում են շտկել թույլ տված սխալը՝ գրքերը վաճառել նախկին գներով, առանց ավելացված արժեքի հարկի:

«Այնպես են անում, որ մարդիկ գիրք չկարդան։ Եթե 2012-ը դիմավորում ենք գրքի թանկացումով, ավելի լավ է չդիմավորենք»,- նշեց երիտասարդ գրող Արամ Պաչյանը։

Այսօրվա ակցիային մասնակցում էր նաեւ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գորղ, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը։

«Առանց այդ էլ հասարակությունը գիրք չի կարդում, գիրք ենք հրատարակում, մարդիկ հնարավորություն չունեն գիրք գնելու։ Հիմա մի քիչ էլ որ թանկացավ, հասարակության դեգրադացիան էլ ավելի կխորանա, ո՞ւր ենք գնում այսպես»,- մտահոգությունէ հայտնում պարոն Պեպանյանը։

Նա նշեց, որ այս ակցիային մասնակցում է ոչ թե որպես նախարարության ներկայացուցիչ, այլ՝ ՀՀ քաղաքացի: