Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրագրավի չափը ողջամիտ է»

Հարցազրույց
5ba0ec464d9a8039ffc61237bd8ebbc9

Հարցազրույց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

 -Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրություններում գլխավորում է իշխող կուսակցության համամասնական ցուցակը: Արարողակարգային առումով ինչպե՞ս է կարգավորվելու այս հարցը: Նա մասանակցելու է քարոզարշավին' այդ ընթացքում շարունակելով պաշտոնավարե՞լ:

-Այդ ամենը նոր ընտրական օրենսգրքով հստակ կանոնակարգված է։ Նախ ասեմ. ոչ մի արտառոց բան չկա նախագահի առաջադրման մեջ: Ընտրական օրենսգրքի 107 հոդվածը հստակ սահմանում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել, հետեւաբար չեն էլ կարող գրանցվել եւ մասնակցել ընտրություններին ՍԴ անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգության համակարգում, ԴԱՀԿ-ում, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատորաղական հիմնարկներում ծառայողներն ու զինծառայողները:

Սա սպառիչ ցանկ է, որտեղ շատ հստակ նշված են բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք չեն կարող առաջադրվել: Եվ այս ցանկը չի կարող ենթակա լինել որեւէ տարածական մեկնաբանության:  

Այս ցանկից զատ, ընտրական օրենսգիրքը սահմանում է նաեւ, որ ԱԺ պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել ՀՀ այն քաղաքացիներ, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն: Երկքաղաքացիների համար էլ ընտրական օրենսգիրքը սահմանել է որոշակի սահմանափակումներ. նրանք եւս չեն կարող մասնակցել ընտրություններին որպես թեկնածու:

 -Այս դրույթը տարածվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների՞ նկատմամբ:

-Ես դժվարանում եմ ասել, որովհետեւ երկքաղաքացիության հետ կապված խնդիրը այս հարթության քննարկման առարկա չէ, կարծում եմ, որովհետեւ այն ավելի շատ քաղաքական հարթությունում քննարկելիք հարց է, ինչպես Արցախին վերաբերող ցանկացած այլ խնդիր:

Միաժամանակ, oրենքը սահմանում է նաեւ հետեւյալ կարգը. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո, մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը, ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց»: Իմ կարծիքով, նորմը շատ հստակ է եւ որեւէ տարընթերցման տեղիք չի տալիս:

 -Այսինքն, քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդիկ կարող են քարոզչությամբ զբաղվել աշխատանքային ժամի՞ն:

-Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքական հայեցողական, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են որոշակի սահմանափակումների հաշվառմամբ, մասնավորապես՝ նշված թեկնածուներին արգելվում է կուսակցություններին, դաշինքներին «կողմ» կամ «դեմ» ուղղակի եւ անունղղակի կոչեր իրականացնել, այլ կերպ ասած, զբաղվել նախընտրական քարոզչությամբ պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաեւ արգելվում է պաշտոնական դիրքի ցանկացած չարաշահում' մյուսների հանդեպ առավելություն ստանալու նպատակով:

Միաժամանակ, նշված հոդվածով արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայական պարտականությունների կատարման համար տրամադրված տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների:

 -Պարոն Մուկուչյան, այնուամենայնիվ, մի ցուցակում ընդգրկված են հիմնականում պաշտոնատար անձինք, որոնք չեն դադարեցնում իրենց լիազորությունները մինչեւ քվեարկության օրը, հետեւաբար՝ հեռուստատեսությամբ նրանց ամեն երեւալը քարոզչական նշանակություն կարող է ունենալ։ Իսկ մյուս կուսակցություններում, մասնավորապես՝ ընդդիմադիր, մարդիկ են, որոնք այլ գործունեությամբ հիմնականում զբաղված չեն եւ երեւալու են միայն հեռուստաընկերությունների տրամադրած մի քանի րոպեների ընթացքում: Այստեղ ակհայտ անհավասարություն չե՞ք տեսնում:

- Պաշտոնատար անձի կարգավիճակն արդեն, ըստ էության տարբերվում է, եւ հենց դրանով էլ պայմանավորված, «Ընտրական օերնսգիրքը» նախատեսել է որոշակի կանոնակարգումներ:

 

Այսինքն, երբեք հնարավոր չէ խոսել բացարձակ հավասար պայմանների մասին. նման բան չի կարող լինել ընդհանրապես եւ որեւէ հարաբերությունում, որովհետեւ եթե մենք խոսում ենք տարբեր կուսակցությունների ընտրական պայքարին մասնակցելու մասին, ապա դրանց հնարավորությունները շատ տարբեր են:

 

ԿԸՀ-ն կուսակցություններից ընդունում է վերջիններիս տարեկան ընթացիկ հաշվետվությունները, եւ օրերս դրանք կամփոփվեն, բայց ասեմ, որ կան կուսակցություններ, որոնց անցած տարվա ֆինանսական շրջանառությունը 0 է ներկայացված:

Իհարկե, սա չի բացառում, որ դրանք գործող կուսակցություններ են, եւ վաղը կարող են գտնել միջոցներ, վճարել ընտրագրավ, նախապատրաստել փաստաթղթեր եւ գալ լիարժեք մասնակցել ընտրություններին: Բայց ակնհայտ է, որ եթե այս կուսակցությունը չունի բավարար միջոցներ, նշանակում է, որ մյուս կուսակցության նկատմամբ նա գտնվում է որոշակի անհավասարության պայմաններում, եթե նայում ենք բացարձակ առումով:

Ի դեպ, օրենքն արգելու է ԶԼՄ-ներով նշված թեկնածուների լուսաբանումը' բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, պաշտոնական այցերի, ընդունելությունների, տարերային աղետների ժամանակ վերջիններիս իրականացրած գործունեության: Սրանք հենց սահմանափակումներ են:

 -Բայց ինչպե՞ս եք պատկերացնում, ԶԼՄ-ն արդյո՞ք չի լուսաբանի, ասենք՝  հանրապետության վարչապետի մասնակցությունն ինչ-որ միջոցառման կամ  սեմինարի:

-Խնդիրը հետեւյալն է՝ անգամ նախընտրական պայքարի ընթացքում հանրությունը պետք է օգտվի տեղեկացված լինելու իր իրավունքից: Բայց միաժամանակ օրենքով սահմանվում է, որ եթե իրականացվում է նշված թեկնածուի օգտին այլ լուսաբանում, ապա այդ հանգամանքը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ները հաշվի են առնում մյուս թեկնածուների գործունեությունը լուսաբանելիս, սա էլ՝ որպես սանկցիայի կիրառում:

-Ոչ թե «դե յուրե», այլ՝ «դե ֆակտո» ազդեցություն չի՞ ունենա ընտրողների ենթագիտակցության վրա, որ եթե հանրապետության ղեկավարն է առաջադրվել, ուրեմն պետք է ընտրել հենց այդ կուսակցությանը:

-Կուսակցությունները կամ դաշինքներն են ցանկացած պարագայում կազմում ցուցակը եւ որոշում' տեղերն ինչպես բաշխել, սա վերապահված է իրենց: Իրենք են որոշում, թե  ինչպիսն պետք է լինի ցուցակը եւ ինչպես պետք է ներկայացվի ծրագիրը, որպեսզի ավելի շատ քվեներ ստանան  ընտրություններում: Յուրաքանչյուրն էլ իր ցուցակը կազմելիս, բնականաբար առաջնորդվում է նրանով, թե ինչպես անի, որ առավել լիարժեք ներկայանա հանրությանը:  

 -Արարողակարգային առումով ինչպե՞ս է կարգը։ Հաղթանակի դեպքում Սերժ Սարգսյանն անձա՞մբ պետք է ներկայանա, ստանա մանդատը, կամ ինքնաբացարկի դիմո՞ւմ  պետք է գրի եւ հրաժարվի մանդատից:

- Ես չէի ցանկանա կենտրոնանալ նախագահի, կամ վարչապետի վրա: Ցանկացած պաշտոնատար անձ, որ ընդգրկված է ցուցակում եւ միաժամանակ պաշտոն է  զբաղեցնում, ընտրության արդյունքների ամփոփումից հետո իրավունք ունի ներկայացնելու ինքնաբացարկի դիմում: Եվ այստեղ անգամ պետք էլ չէ առանձնացնել, թե ցուցակում ո՞վ է պաշտոն զբաղեցնում, ով' ոչ:

Յուրաքանչյուրն իրավունք ունի օգտվելու ինքնաբացարկի իրավունքից, եւ բնական է' վերջիններս ներկայացնում են ինքնաբացարկ, իսկ օրենքով այդ պարագայում ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն ստանում է մանդատը, եթե ինքն էլ չի հրաժարվում դրանից: Սա շատ նորմալ մեխանիզմ է, Ընտրական օրեսգիրքը շատ հստակ սահմանել է կարգը:

 -Խոսում ենք հավասարության սկզբունքից: Ի՞նչ եք կարծում, ընտրագրավը, որ բավականին բարձր է (կուսակցությունների համար 8 մլն դրամ, մեծամասնական թեկնածուների համար' 1 մլն) որոշակիորեն չի՞ սահմանափակում մարդկանց սահմանադրական իրավունքների իրացումը: Մի կողմից Սերժ Սարգսյանն ասում է, որ գործարարներ չպետք է լինեն խորհրդարանում, մյուս կողմից այնպիսի գրավի չափ է սահմանվում, որ աշխատավարձով ապրող մարդը հաստատ 1 մլն դրամ ընտրագրավ վճարելու հնարավորություն, հատկապես նաեւ կորցնելու վտանգը հաշվի առնելով, չի ունենա, նույնը նաեւ կուսակցության պարագայում:

-Պետք է ասել, որ ընտրական գրավն օգտագործվում է  որպես լրացուցիչ խոչընդոտ մեկ նպատակով, որ ցանկացած անձ չգա փորձելու իր ուժերը' արդյոք կընտրվի, թե ոչ: Իհարկե, 5 տոկոս հավաքելու դեպքում ընտրագրավը ետ է վերադարձվում: Եվ եթե անձը վստահ է իր ուժերի վրա, բնականաբար կարող է մասնակցել ընտրական պայքարին:

 -Իսկ եթե ո՞չ: Նախկինում գործում էին այլ մեթոդներ, մասնավորապես՝ ստորագրահավաքը, որն ավելի ժողովրդավարական ձեւ է, ըստ իս, քան փողը:

-Գիտե՞ք, դա շատ ավելի ժամանակատար գործ էր եւ մեծ բարդությունների հետ էր կապված: Եթե հաշվի առնենք, որ ստորագրահավաքը տեղի էր ունենում բավականին կարճ ժամկետներում, դա շատ մարդկանց ներգրավելու խնդիր էր ենթադրում, որոնք պետք է գնային, հավաքեին, եւ ի դեպ, մինչ օրս որեւէ մեկը չի կատարել այդ հաշվարկը, թե որքա՞ն գումար էր ծախսվում այդ աշխատանքի համար:

Բացի դրանից, կարծես դառնում էր ինքնանպատակ ստորագրահավաք, եւ ես հիշում եմ, որ այն ժամանակ էլ քարկոծվում էր այդ մոտեցումը, որ դեռեւս թեկնածու չդարձած' լրացուցիչ առիթ էր այցելելու տներ, իրականացնելու քարոզչություն:

Գրավի այն չափը, որ ամրագրվել է ԱԺ ընտրությունների համար, կարծում եմ բավականին ողջամիտ է, եւ ԱԺ պատգամավոր առաջադրվող անձի համար դա, համենայնդեպս, շատ արտառոց մեծություն չէ, որովհետեւ եթե կուսակցությունը գործող է, ունի անդամներ, որոնք վճարում են անդամավճար, ունի միջոցներ եւ այլն,  ապա 8 մլն դրամը կազմակերպության համար, այն էլ այնպիսի, որը կոչվում է քաղաքական ուժ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ:

Մեծամասնականի պարագայում եւս գրավի չափը բավականին ողջամիտ է եւ ես չեմ կարծում, որ դա այն մեծություններն են, որ կարող են արհեստական խոչընդոտ հանդիսանալ առաջադրվելու համար:        

Զրուցեց Դիանա Մարկոսյանը