Ներկրված միսը վտանգավոր է (տեսանյութ)
2011թ. տարբեր երկրներից Հայաստան է ներկրվել 11 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս, 6 հազար տոննա խոզի և 281.8 կգ ոչխարի միս: Սա՝ Ազգային պետական վիճակագրական ծառայության տվյալներով։
«Սպառողների միության ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն այս թվերն արժանահավատ չի համարում: Ըստ պարոն Պողոսյանի, մեր երկիր ներկրվող սառեցված միսը ոչ թե ամենօրյա վաճառքի համար է, այլ արտակարգ իրավիճակների՝ երկրաշարժերի, ջրհեղեղների և այլ վիճակների համար:
Նա նաև կոչ է անում տնային տնտեսուհիներին, որ այն աղցանները, որոնց բաղադրության մեջ միս կա, երկար չօգտագործեն:
«Եթե աղցանները պատրաստվում են սառեցված մսից, ապա այդ աղցանը սառնարան դնել ու երկրոդ անգամ մատուցել պետք չէ»,-նշեց Արմեն Պողոսյանը:
Պարոն Պողոսյանը շուկաներում վաճառվող թարմ և սառեցված մսի վիճակը գնահատում է վատ:
«Մենք բազմաթիվ ահազանգեր և դժգոհություններ ենք ստանում քաղաքացիներից, որ այս կամ այն շուկայից և խանութից գնված միսն ու մսամթերքը այդքան էլ թարմ չեն»,-հայտնեց պարոն Պողոսյանը:
Նա հայտարարեց նաև, որ իրենց կազմակերպությունը պայմանավորվածություն ունի սննդի պետական տեսչության հետ, որ այս տարվա հունվարից սկսեն ստուգայցերը մսի վաճառակետեր և խոշոր արտադրամասեր, սակայն սննդի տեսչությունը դեռ չի արձագանքել: