Ականի պայթյունից զինվոր է վնասվել
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի 24-ամյա սպա Գուրբան Հուսեյինովը։ Պայթյունի հետեւանքով պոկվել է զինծառայողի ոտքը։
Հայաստանի լրատվամիջոցները վկայակոչելով Ադրբեջանի պետական «Թրենդ» լրատվական գործակալության տեղեկությունը, գրել են, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ` «Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Գյուլուստան գյուղում»։
Տեղեկացնենք, որ այդ՝ «Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Գյուլուստան» գյուղը 1992 թվականին Խորհրդային 4-րդ բանակի եւ ադրբեջանական ՕՄՈՆ-ի համատեղ ջանքերով գրավված եւ մինչ օրս օկուպացված հայկական Շահումյանի շրջանի գյուղերից մեկն է, ի դեպ՝ Գյուլիստան, որը սահմանակից է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանին, իսկ ջրբաժանը՝ Գյուլիստանի բերդի բարձունքի տակով հոսող գետն է։
Հիշեցնենք, որ Շահումյանը գրավելուց եւ նրա 12 գյուղերն ամբողջությամբ հայաթափելուց ու շրջանի 35 հազար բնակչությունը սպանդի ենթարկելուց, իսկ ողջ մնացածներին տեղահան անելուց հետո, շրջանը կցվել է հարեւան Գերանբոյի վարչական տարածքին։
Հիշեցնենք նաեւ, որ հայկական լրատվամիջոցներում նշված հենց այդ «Գերանբոյի շրջանի Գյուլուստանի» ամրոցում է կնքվել պատմական Գյուլիստանի պայմանագիրը՝ 1812 թվականին։