Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցին» 7 օր ժամանակ է տրվել (տեսանյութ)

Հասարակություն
5c2375f24b3454c5f167cda8ba07fbc4

Այսօր սկսված եւ դադարեցված «Արմավիա» ընկերության գործադուլը կարող է նաեւ շարունակվել:

«Մինչեւ չլինեն սակագների փոփոխություններ, հնարավոր է ամեն ինչ»,- «Ա1+»-ին հայտնեց «Արմավիայի» մամուլի ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան։

Նա տեղեկացրեց, որ «Արմավիան» շաբաթական 100 չվերթ է իրականացնում եւ պահանջում է, որպեսզի իր՝ Ազգային ավիափոխադրողի նկատմամբ փոխվի գնային քաղաքականությունը: Իսկ թե ի՞նչ թվերի մասին է խոսքը, ընկերությունը չի հայտնում, համարելով այն կոմերցիոն գաղտնիք:

«Արմավիան» այսօր չվերթները վերականգնեց միայն «Զվարթոնց» ընկերության եւ Քաղավիացիայի հետ բանակցություններից հետո: Ընկերության մամուլի քարտուղարի խոսքերով, իրենք համաձայնվել են չվերթները վերականգնել մինչեւ մարտի 13-ը, իսկ մինչ այդ «Զվարթնոց» ընկերությունը պետք է վերանայի սահմանված գները:

«Արմավիան ունի հատուկ սակագներ, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների, այսինքն՝ ավելի ցածր»,- իր հերթին պարզաբանեց «Զվարթնոցի» մամուլի ծառայության պետ Գեւորգ Աբրահամյանը։

«Արմավիան» գործադուլի հետեւանքով հետաձգել էր Երեւան- Ռոստով եւ Երեւան- Մոսկվա չվերթները: Ուղեւորներն անորոշության մեջ էին եւ ստիպված էին մի քանի ժամ սպասել:

«Բոլոր ուղեւորներին տրվել է սնունդ եւ ջուր»,- պարզաբանեց Նանա Ավետիսովան։

«Մի քանի հոգու ձեռքի տեսա, պակետով իջնում էին, այն էլ՝ ամենավերջում»,- տեղեկացրեց ուղեւորներից մեկը, որը հրաժարվեց ներկայանալ։

«Զվարթնոց» օդանավակայանում սպասող ուղեւորները միաբերան նշում էին, որ հայտնվել են անորոշ վիճակում եւ մի քանի ժամ սպասելուց հետո շատերը որոշել են գնալ տուն, սական նրանց զանգահարել են եւ ճանապարհից ետ վերադարձրել։

Իսկ ուղեւորներից ոմանք չեն էլ սպասել եւ վերադարձրել են տոմսերը:
Առայժմ հայտնի չէ, թե նրանցից քանիսը կբողոքեն եւ հատուցում կպահանջեն։