Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դալմայի այգիները ոչնչացնում են

Հասարակություն
191e57a5e376afe9f16fce33d2bda97c

Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության
հայտարարությունը՝

Դալմայի այգիներն ունեն մոտ 3000 տարվա պատմություն և ատմամշակութային ու հնագիտական մեծ արժեք են ներկայացնում ո'չ միայն Երևանի, այլև Հայաստանի համար:

Մինչև 2000թ. այս տարածքն ընգրկված է եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում իր 790հա պահպանման տարածքով, որից 533հա բուն այգու տարածքն էր: Հուշարձանների ցուցակների «ճշտման» երկարատև պրոցեսի արդյունքում Դալմայի այգիները, որոնք իրենց աչքի լույսի նման պահպանում էին պարսից խաները` հասկանալով նրանց դերը Երևանի կլիմայական պայմաններում, անհետացան այդ ցուցակներից, և ոչ միայն անհետացան, այլ 2003թ. անհասկանալի պատճառներով փաստաթղթերում այգու տարածքից անհետացավ նաև 277հա տարածք:

Խախտելով ՀՀ կողմից վավերացված մի շարք միջազգային կոնվենցիաներ այդ թվում` Օրհուսի կոնվենցիան, ՀՀ բազմաթիվ օրենքներ և նորմատիվներ (ՇՄԱՓ, ՀՀ հողային, ՀՀ քաղաքաշինության մասին և այլն), ՀՀ կառավարությունը, սկսած 2003թ-ից (1941-Ա որոշում), անօրինական ոտնձգություններ է կատարել Դալմայի այգիների նկատմամբ:

Փոխվել է ոչ միայն այգու հարող պահպանման գոտու, այլև բուն այգուն պատկանող հարյուրավոր հա տարածքի կարգավիճակ և դա տրվել կառուցապատման համար, տարբեր մեթոդներով դուրս մղելով հարյուրավոր ազնիվ հողագործների, որոնք իրենց քրտիքով մշակում և պահպանում էին այգին:
Այս խնդիրը տարիներ շարունակ բարձրացվել է տարբեր ՀԿ-ի, քաղաքացիների, ինչպես նաև մեր կողմից` չստանալով որևէ հիմնավոր, օրինական պատասխան:

Ներկայումս, հերթական անգամ խախտելով ՀՀ օրենքները, ՀՀ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաները, ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը հայտարարում են (ՀՀ կառավարության նիստի օրակարգ 7.03.2012թ. /կետ.29/) Դալմայի այգիների միջով անցով ճանապարհային հանգույցի կառուցման մասին:
Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը պահանջում է դադարեցնել Երևանի կանաչ տարածքների բնաջնջման քաղաքականությունը:

ՀՀ կառավարությունից պահանջում ենք միջոցներ ձեռք առնել` պատասխանատուներին` ՀՀ կառավարության անդամներ, Երևանի ներկա և նախկին քաղաքապետեր, Երևան քաղաքի ներկա և նախկին ճարտարապետեր և այլ պատասխանատուներ, պատասխանատվության կանչել ՀՀ օրենքների համապատասխան և դադարեցնել Դալմայի այգիների ոչնչացումը:

Միաժամանակ հիշեցնում ենք Նորքի սարալանջի անտառների հարցը. այստեղ ևս անհասկանալի որոշմամբ անտառային նշանակության հողերի կարգավիճակ է փոխվել, անտառայինից` քաղաքաշինության, և մոտ 600 հա անտառից փաստաթղթով միայն 60հա անտառ է մնում: Պահանջում ենք վերականգնել ամբողջ անտառը` իր նախկին տարածքներով:

Երևանի համար, որն այսօր խեղդվում է, դա կլինի միակ փրկությունը, որը կունենա ոչ միայն բնապահպանական, ռազմավարական, այլ նաև` գենոֆոնդի պահպանման հսկայական նշանակություն:

Հայտարարում ենք, որ մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել Դալմայի այգիների, Նորքի սարալանջի անտառների վերականգման գործընթացի կազմակերպման աշխատանքները: