Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջնախաղում պետք է ավելի ուշադիր լինել

Հարցազրույց
fdac5f28a59633b5f86e8d6217257773

Հարցազրույց «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանի հետ

- Խորհրդարանական ընտրություններին երկու ամսից քիչ ժամանակ է մնացել: Շախմատային պարտիան մոտենում է իր հանգուցալուծմանը, ինչպե՞ս եք գնահատում կողմերի հնարավորությունները:

- Եթե խոսենք շախմատային լեզվով, ապա կարելի է ասել, որ կողմերը դեռ նոր են ավարտել միջնախաղը եւ պատրաստվում են մտնել էնդշպիլ' վերջնախաղ: Հիշում եմ այն հանրահավաքը, երբ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե մենք շախմատ ենք խաղում, իսկ վարչախումբը' բռնցքամարտ: Սերժ Սարգսյանը ընդունեց մարտահրավերը, եւ կողմերն անցան շախմատ խաղալուն: Դրա մասին է վկայում նաեւ Կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ սկսված եւ այդպես էլ չավարտված երկխոսությունը: Հիմա ավելորդ է ծանրանալ այն խնդրի վրա, թե ով ինչ շահեց կամ կորցրեց երկխոսությունից, կարեւորն այն է, որ բռնցքամարտին փոխարինելու եկավ շախմատը, որն արդեն իսկ դրական երեւույթ է:

- Ո՞ւմ շանսերն եք ավելի բարձր գնահատում այս շախմատային մրցավազքում:

-  Վստահ եմ, որ երբ սկսվեց քաղաքական շախմատը, շատերը մտածում էին միայն այն մասին, թե ով ավելի լավ կխաղա' Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե Սերժ Սարգսյանը, բայց այսօր մենք կարող ենք արձանագրել, որ վերջին երկու տարիներին գրեթե անթերի պարտիա խաղաց  Գագիկ Ծառուկյանը'  նկատելով  բոլոր ծուղակները, մերժելով ոչ-ոքիները:

- Բայց սկզբնախաղում լավ խաղ ցուցադրելն այնքան էլ բարդ չէ: Կարող ես անգիր անել քայլերը եւ լավ խաղացողի տպավորություն թողնել:

- Համաձայն եմ, եթե խոսքը միայն սկզբնախաղի մասին լիներ, բայց ես արդեն ասացի, որ կողմերը ավարտին են հասցրել միջնախաղը եւ այնտեղից ամենալավ վիճակով դուրս է եկել ԲՀԿ-ն: Վատ չէ նաեւ Կոնգրեսի վիճակը, բայց սկզբնախաղում ընկնելով մրցակցի կողմից դրված ծուղակը, Կոնգրեսից հսկայական ջանք պահանջվեց անխուսափելի պարտությունից խուսափելու համար:

- Իսկ մյուս քաղաքական ուժերի վիճակն ինչպե՞ս կգնահատեք:

- ՀՅԴ-ն, Ժառանգությունը, Ազատ դեմոկրատները ճշգրիտ քայլեր անելու դեպքում կարող են հաղթանակի որոշ հույսեր պահպանել, բայց հիմա նրանք ստիպված են գտնել միակ ճիշտ քայլերը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այս կուսակցության միակ հույսը ծուղակներն են, որոնք վերջնախաղում արդեն գրեթե ոչ մի օգուտ չեն տալիս, բացի այդ, վարչախմբի կուսակցությունը հույս ունի, որ մրցակիցները կսպառեն իրենց ժամանակը: Նման մարտավարությամբ հաղթանակի հասնելը գրեթե անհնար է:

- Այսպիսով, շախմատային լեզվով ասած, կողմերը մոտենո՞ւմ են վերջնախաղին, որտեղ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել:

- Երբ խորհրդարանական ընտրություններին մնում է մոտ ութ շաբաթ, արդեն ցանկացած վրիպում, բացթողում կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Այս իրավիճակում պետք է առավել քան ուշադիր գործի Գագիկ Ծառուկյանը եւ նրա ղեկավարած կուսակցությունը: Էնդշպիլում մեկ անճշտությունը կարող է ջուրը գցել սկզբնախաղի եւ միջնախաղի ձեռքբերումները: Պետք է նկատի ունենալ, որ վերջնախաղում շատ հաճախ վատ դիրք ունեցողը գնում է զոհաբերությունների' հակախաղ ստանալու համար: Այնպես որ, Ծառուկյանը պետք է ժամանակ չվատնի ավելորդ եւ միայն մրցակցին օգուտ բերող քայլերի վրա: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ եթե ԲՀԿ-ին հաջողվի հանրությանը ներկայանալ քաղաքական առողջ թիմով, հստակ դիրքորոշումներով, ապա մրցակիցը կհայտնվի ցուգցվանգային վիճակում' ստիպված լինելով կատարել պարտության տանող քայլեր: Իսկ այս իրավիճակում ԲՀԿ-ին կմնա ուշադիր լինել պատից խուսափելու համար:

- Պարտիայի ավարտից հետո ո՞ր ուժերը կհայտնվեն խորհրդարանում:

- Ընդամենը մի քանի շաբաթ հետո այս հարցի պատասխանը մենք կստանանք բայց արդեն այսօր էլ պարզ է, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն  եւ Կոնգրեսը այնտեղ հաստատ տեղ կունենան: Վերջնախաղում ԲՀԿ- և ՀԱԿ-ի  սխալվելու հավանականությունը մեկն է' եթե կուլ  գնան սադրանքներին ու միմյանց դեմ կոպիտ պայքար ծավալեն:  Իսկ մյուս քաղաքական ուժերը դեռ պետք է հսկայական ջանքեր գործադրեն իրենց վարկանիշը բարձր պահելու համար: Կա նաև մեկ պայման բոլորի համար'  այն ուժերը, որոնք հույսը կդնեն ոչ ազնիվ պայքարի վրա' կմատնվեն անհաջողության: Հիշում եք ինչ եղավ, երբ Օստապ Բենդերը  փորձեց պարտիայի ընթացքում նավակը գողանալ:

Եւ վերջին հաշվով, մեծ է հավանականությունը, որ հին ժամանակների նման, մայիսի 6-ից հետո  պարտիան կարող է անավարտ մնալ եւ հետաձգվել, մինչև փետրվարի նախագահական ընտրությունները: