Լրագրողներին կդատեն ոչ այնքան հաճա՞խ (տեսանյութ)
«Վիրավորանքի եւ զրպարտության մասին» ՀՀ օրենքն ապաքրեականացնելուց հետո, 2011թ. ընթացքում հատկապես տպագիր մամուլի դեմ բավականին շատ քաղհայցեր են ներկայացվել դատարանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց փաստաբան Դավիթ Թումասյանը:
Նախորդ տարվա ընթացքում ամենաշատը՝ «Հրապարակ» օրաթերթի դեմ` 6 հայց: «Հետաքրքրական է, որ թերթերի դեմ բոլոր հայցերն ավարտվել են հաշտությամբ եւ դրա հիմնական պատճառը դատավարության երկարա տեւողությունն է»,- ընդգծեց փաստաբանը:
Ըստ նրա` լրատվամիջոցները գնալով ավելի նախընտրում են իրենց թերթերի էջերում հերքում տպագրել ու գործն այդպիսով փակել: Նա կոչ է անում նաեւ լրագրողներին` հերքում տպելիս առաջնորդվել էթիկայի կանոններով: Պարոն Թումասյանի վստահեցմամբ` փաստաբաններն իրենք են գործերը կազմում որոշակի թերություններով, եւ դատարանը շատ հաճախ ետ է վերադարձնում:
Դրական առաջախաղացումն այս պարագայում այն է, որ յուրաքանչյուր դատական գործից հետո լրագրողները փոփոխում են իրենց գրելու ոճը` պահպանելով հոդվածի սրությունը, զերծ են մնում զրպարտությունից:
Իսկ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով` լրատվամիջոցների դեմ քաղհայցերի առատությունը միայն սկզբնական շրջանում էր, երբ «Վիրավորանքի եւ զրպարտության մասին» ՀՀ օրենքը դեռ նոր էր ապաքրեականացվել. «Սկզբում, իհարկե, այդպիսի ալիք պետք է լիներ. իշխանավորները, օլիգարխները որգեւորվեցին ու ուրախացան, որ, ահա, թերթերին կսնանկացնենք, ու եղան որոշումներ թեթերի դեմ: Սակայն, երբ եվրոպական կառույցների ներկայացուցիչները սկսեցին հանդիպել մեր իշխանավորների հետ եւ նշեցին, որ նման քաղհայցերն ազդում են Հայաստանի միջազգային վարկանիշի վրա, այդ ալիքը հանդարտվեց»:
Բացի արտաքին ճնշումների առկայությունից, պարոն Աբրահամյանը կանխատեսում է, որ այդ հայցերը գնալով ավելի պակասելու են, քանի որ երկու կողմին էլ դա ձեռնտու չէ: