«Արմավիա»-ն ու «Զվարթնոց»-ը փոխհամաձայնության եկան
«Արմավիա» ընկերությունը եւ Զվարթնոց օդանավակայանը սպասարկման գների շուրջ փոխհամաձայնության են եկել։
«Արմավիան» կշարունակի իր բնականոն աշխատանքը»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քաղավիացիայի Գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելի Չերչինյանը։
Նրա խոսքերով, մշակվել է «Արմավիայի» պարտքերի մարման ժամանակացույց եւ «ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել աշխատելու համար»։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Արմավիա»-ն հայտարարել էր անժամկետ գործադուլ, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած ծառայությունների գների թանկացման պատճառով։
Սակայն օրվա երկրորդ կեսից չվերթները վերականգնվեցին միայն ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր վարչության կազմակերպած եռակողմ հանդիպումից հետո։ «Արմավիա» ընկերությունը Զվարթնոց օդանավակայանին 4 ամսվա պարտք ունի։
Իսկ «Արմավիա»-ից «Ա1+»-ին հայտնեցին, որ բանակցությունները նոր են ավարտվել եւ այս պահին դեռ ոչ մի բան չեն կարող հայտնել։ Ավելի ուշ տարածվեց հաղորդագրություն. «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովայից.«Մենք գնացինք զիջումների: Սակայն որոշակի պայմանավորվածություններից հետո, որոնք ձեռք բերվեցին բանակցությունների ընթացքում, օդանավակայանը կրկին փոխում է որոշումը: «Արմավիայում» համարում են, որ հարցն առայժմ չի լուծվել եւ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել»: