12 «ՀԱՅԱԿ»-ները գտան իրենց տերերին
Քիչ առաջ հայտնի դարձան «ՀԱՅԱԿ» մրցանակաբաշխության առաջին դափնեկիրները: Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Ազգային կինոյի առաջին մրցանակաբաշխությունը, եւ 12 անվանակակարգերում հաղթողները ստացան իրենց մրցանակները;
Բացի այդ, հայկական կինոյի զարգացման համար ներդրման համար մրցանակներ ստացան ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, դերասան Սոս Սարգսյանը, օպերատոր Լեւոն Աթոյանը:
Լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառո...» ֆիլմը, լավագույն ռեժիսոր` Հարություն Խաչատրյանը` «Սահման» ֆիլմի համար, լավագույն դերասանուհի` Աննա Էլբակյանը, լավագույն դերասան` Միքայել Պողոսյանը:
«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Առնոլդ Աղաբաբով - Զորայր Խալափյան զույգը, «Լավագույն նկարիչ»` Վարդան Սեդրակյանը, «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանը` «Խճճված զուգահեռներ», «Մաեստրո» եւ «Որտեղ էիր, մարդ Աստծո» ֆիլմերի երաժշտության համար:
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա»-ն, «Լավագույն վավերագրական ֆիլմ » անվանակարգում` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին» , «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում` Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմերը:
«Լավագույն դեբյուտ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հովհ.Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը:
Հաղթողները ստացան «ՀԱՅԱԿ»արձանիկներ: Երկու ձեռքերի ցուցամատերի եւ բթամատերի միացությունը պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատված եւ ոսկեջրված:
Երկու ձեռքերի այս միացությունը` հայակը, երկար ժամանակ կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար:
Մրցանակաբաշխությունն անցկացվեց Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, "Orange Արմենիա" ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ:
Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը:
Այս տարվանը բացառություն էր, քանի որ ամփոփում էր անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրանքը: Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը մասնակցում են միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը:
Ընդհանուր հաշվով մրցանակաբաշխությանը ներկայացվել է 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 10 անիմացիոն եւ 32 վավերագրական:
Ժյուրին գլխավորում էր Սոս Սարգսյանը;