Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուրակում ծառերն արմատախի՞լ են անում (տեսանյութ)

Հասարակություն
4bd9c1e2dffd3afacbd27594cb753090

38 օր է անցել, այն օրից, երբ մի խումբ բնապահպաններ սկսեցին իրենց պայքարը Մաշտոցի այգու կանաչ տարածքների պահպանության համար:

Բնապահպան-ակտիվիստ Գոռ Հակոբյանը այսօր բոլորից շուտ էր եկել Մաշտոցի պուրակ, որպեսզի ցուցատախտակին ամրացնի միջոցառումների օրակարգը:

«Այսօր ժամը 13-15-ը, ու ընդհանրապես այս շաբաթ մենք բարեկարգման աշխատանքներն ենք իրականացնելու. Տարածքը մաքրելու ենք, հողը փխրեցնելու ենք, փորձելու ենք վնասված հատվածները վերականգնել»,- «Ա1+»-ին տեղեկացրեց Գոռ Հակոբյանը:

Նա վստահեցնում է, որ թեպետ շուրջօրյա նստացույցը դադարեցրել են, սակայն պայքարը շարունակվելու է:

«Այսօր մենք սկսում ենք նաև մեր քաղաքացիական ամբիոնը: Սեդրակ Բաղդասարյանը ներկայացնելու է պետական կարիքների զոհերի խնդիրները: Նաև սահմանվելու է մեր ընդհանուր հերթապահությունը, որպեսզի պահանջը կարողանանք նորից բարձրաձայնել»,- մանրամասնեց Գոռ Հակոբյանը:

Այսօր պուրակում էին նաև կենտրոն կանաչապատման ընկերության աշխատակիցները, որոնք այգում իրականացնում էին բարեկարգման աշխատանքներ: Բանվորներից մեկը տեղեկացրեց, որ փորում են՝ ոռոգման ջրի խողովակաշար տեղադրելու նպատակով:

Իսկ ահա աշխատանքերին հետևող մի քանի շինղեկեր հրաժարվեցին ներկայանալ:

Բնակիչներից մեկը հայտնեց, որ բանվորները հողը փորելիս վնասել են նաև ծառերի արմատները:

«Ծառի արմատներ են կտրտած գցած»,- տեղեկացրեց այգու հարակից շենքի բնակիչ Ալբերտ Գրիգորյանը։

Աշղեկերից մեկը մոտեցավ եւ միջամտեց. դրանք ծառի արմատներ չեն, պարզապես հողի հետ են դուրս եկել:


Այսօր էլ պուրակում տեղադրված առեւտրի կրպակները հսկում էին մի խումբ ոստիկաններ, որոնք հավատացնում էին. ոչ թե կրպակներն են հսկում, այլ այգում հասարակական կարգն են պաշտպանում:

Հիշեցենենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի գլխավոր պողոտային հարող պուրակում առևտրի կրպակները պետք է մնան 3 տարի: