Լրագրողը կդիմի վճռաբեկ դատարան
«Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը 15 օրվա ընթացքում կդիմի վճռաբեկ դատարան,- այսօր «Ա1+»-ին հայտնեց լրագրողը:
Հայկ Գևորգյանը վերաքննիչ դատարանում բողոքարկել էր փետրվարի 3-ին իրեն կալանավորելու մասին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականությունը: Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը:
«Վերաքննիչ դատարանը մերժելով իմ բողոքը, ուժի մեջ է թողել կալանքի օրինականությունը: Փաստորեն, վերաքննիչ դատարանը կողմ է ընդհանուր իրավասության դատարանի անգրագետ որոշմանը: Ես 15 օրվա ընթացքում կդիմեմ վճռաբեկ դատարան, միաժամանակ նաև դատախազություն` ներկայացնելով ոստիկանների և դատարանների ապօրինությունները»,-ասաց Հայկ Գևորգյանը:
Հայկը չի հավատում, որ վճռաբեկ դատարանը կարող է արդար որոշում կկայացնել:
«Եթե վճռաբեկ բողոքն էլ մերժվի, ես դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-վստահեցրեց Հայկ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Հայկ Գևորգյանին կալանավորել էին փետրվարի 3-ին: Նրան 72 ժամ պահել էին Նուբարաշեն ՔԿՀ-ում: «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողին մեղադրում են մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ:
Փաստի առիթով հարուցվել է գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս: