Հովհաննես Թամամյանի վճիռը՝ մեկ ժամից
Կենտրոն եւ Նոր Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մեկ ժամից կհրապարակի Հովհաննես Թամամյանի գործով դատավճիռը։
Մեղադրող Հարություն Հարությունյանը պահանջել էՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետին դատապարտել չորս տարի ժամկետով։
Մինչ այդ պաշտպանական ճառով հանդես եկավ պաշտպան Վաղինակ Գեւորգյանը։ Նա նշեց, որ Հովհաննես Թամամյանին չորս տարի ազատազրկելն արդարացի չէ։ Նրա ասելով՝ խոսքը Հովհաննես Թամամյանին արդարացնելու դատավճռի մասին չէ, այլ մեղմ պատժի։
Նա ճիշտ է համարում՝ Թամամյանին մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտելը։
Պաշտպանը հիշեցրեց, որ Թամամյանը իր ընտանիքի միակ կերակրողն է, ու նաեւ ունի անչափահաս դուստր, որի դաստիարակության հարցը հոր՝ չորս տարով ազատազրկելու դեպքում կվտանգվի։
Իսկ իր վերջին խոսքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ասաց, թե եղել եւ մնում է Հայրենիքի եւ ոստիկանության նվիրյալ։
Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք, որ Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական դիրքն իր ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, եւ նույն հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Գործն անցնում է երկու դրվագով՝ մեկը վերաբերում է Արաբկիրում սպանության դեպքին եւ Գավառում տեղի ունեցած սպանության փորձին: