Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ում միայն Պրեսկոտն էր պակասում»

Հարցազրույց
7576bc15b8907f8fc15bbce8807ca335

Բլից- հարցազրույց Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ, որը ԱԺ ընտրություններին  չի մասնակցում։

 -Պարոն Աբրահամյան, Հանրապետություն կուսակցությունը որոշել էր չմասնակցել համամասնական ընտրակարգով ընտրություններին' բացառությամբ Արամ Սարգսյանի: Բայց կուսակցությունը պետք է մասնակցեր մեծամասնական ընտրությունների: Դուք չառաջադրվեցիք: Ինչո՞ւ: 

-Ես դեռ հոկտեմբեր ամսին ձեր եթերում՝ Արամ Աբրահամյանի հետ զրույցում ասել էի, որ եթե անգամ տեղի ունենան արտահերթ ընտրություններ եւ իշխանությունը փոխվի, ես ինձ ոչ գործադիր, ոչ օրենսդիր մարմնում չեմ տեսնում: Չեմ հավակնում որեւէ պաշտոնի:Այդ օրը տրամադրությունս բարձր էր, անգամ ասացի, ուզում եմ դառնալ Սեւակի' խաղալիք պատրաստողը: Բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքերս ծալած նստեմ: Ես ամեն ինչ պետք է անեմ, որ ՀԱԿ-ը շատ ձայն ստանա:

-Երեկ հրապարակվեց ՀԱԿ-ի ցուցակը, ինչպե՞ս եք այն գնահատում:

-Ցուցակի կազման վերաբերյալ ես ունեմ իմ մոտեցումները, բայց գործը պատվիրակված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ես որեւէ կարգի մեկնաբանություն չեմ ուզում տալ այդ հարցին:

-Այսինքն, ձեր մոտեցումները որոշակիորեն տարբերվում էին նրանից, որ ի վերջո ընտրեց ՀԱԿ-ը:

-Մենք չունենք ոչ ֆինանսական, ոչ վարչական ռեսուրսներ: Ես իրատես եմ, ի տարբերություն այն «լավատեսների», որոնց թվում է, թե բոլորը ձայները տալու են ՀԱԿ-ին: Ցուցակը կազմելիս պետք էր 7 անգամ չափել, մեկ անգամ կտրել: Ցուցակում պետք է լինեին հասարակության կողմից ընկալվող, անբիծ մարդիկ:

-Իսկ այդպիսիք շատ կա՞ն Կոնգրեսում:

-Այո, կան, ուղղակի նրանց պետք է նկատել:

-Ասել կուզեք, որ չե՞ն նկատել ցուցակը կազմելիս:

-Ես նման բան չասացի, իսկ ցուցակի վերաբերյալ իրենց կարծիքն ընտրողները կարտահայտեն իրենց քվեարկությամբ:

-Շատ վերլուծաբանների գնահատմամբ՝ ՀԱԿ-ի վարկանիշը մինչեւ ցուցակների կազմման շուրջ տարաձայնություններն ավելի բարձր էր, քան այսօր, դուք ինչ կարծիքի եք:

-Երբ քաղաքական պրոցեսները մեղմանում են, քաղաքական ընդդիմության վարկանիշն էլ, ըստ այդմ, փոփոխվում է: Եվ այդպես եղավ մինչեւ ցուցակների պատմությունը: Բայց ես վստահ եմ, որ քաղաքական պրոցեսների ակտիվացման հետ, պատկերն լրիվ կփոխվի:

-Այսօր կարծես պարզ է, ուրվագծվել է ապագա խորհրդարանի հնարավոր կազմը: Ի՞նչ կասեք այս առիթով:

-Իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններից հետո հրապարակված ցուցակները վկայում են առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքների ծավալի մասին: Ցուցակները տեսնելուց հետո պարզ է, որ մեծ հույսեր կապել պետք չէ նոր ձեւավորվող քաղաքական մարմնի' խորհրդարանի հետ: Հերթական դակիչ ապարատն է լինելու: Ուրիշ հարց, եթե քաղաքական գործընթացներ գնային, որից հետո տեղի ունենար ընտրությունը: Բայց ցավոք, այսօր օբյեկտիվ ընտրությունների մասին խոսել անիմաստ է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ցուցակին, ապա ճիշտն ասած, ես սպասում էի, որ Խոսրով Հարությունյանից առաջ ցուցակում կլինի  Պրեսկոտի անունը, ավաղ, նրան չէին ընդգրկել ցուցակում: Երեւի շատ ծանր կտանի:

 

Զրուցեց Դիանա Մարկոսյանը